ԱՄՆ-ն Թրամփի դեմ մահափորձը կհամարի որպես պատերազմի հայտարարում. Բայդենի զգուշացումն Իրանին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն Ազգային անվտանգության խորհրդին հանձնարարել է զգուշացնել Իրանին, որ ԱՄՆ նախկին առաջնորդ Դոնալդ Թրամփի նկատմամբ ցանկացած մահափորձ Վաշինգտոնը կդիտի որպես պատերազմ հայտարարելու ակտ: Այս մասին տեղեկացնում է The Washington Post-ը։
Նշվում է, որ Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Շոն Սավեթն ընդգծել է, որ Բայդենը հրահանգել է «բոլոր ռեսուրսներն» ուղղել պաշտպանելու Թրամփին:
Հետախուզական գործակալություններին հանձնարարված է տեղեկատվություն տրամադրել ԱՄՆ նախկին նախագահին և նրա անվտանգության ծառայությանը սպառնալիքների մասին։
Ըստ The Washington Post-ի՝ Թրամփի նախընտրական շտաբը դիմել է Գաղտնի ծառայությանը՝ ուժեղացնելու ԱՄՆ 45-րդ նախագահի անվտանգության միջոցառումները, որոնց թվում է Հանրապետական կուսակցության թեկնածուին թռիչքների համար ռազմական ինքնաթիռների տրամադրումը։
Գաղտնի ծառայության խոսնակ Էնթոնի Գուլիելմին Թրամփի պաշտպանության մակարդակն անվանել է «ամենաբարձրը»: «Պաշտպանության նախարարությունը պարբերաբար պաշտպանական օգնություն է տրամադրում նախկին նախագահին, ներառյալ պայթուցիկ առարկաների ոչնչացումը, կինոլոգիական ստորաբաժանումներն ու օդային փոխադրումները»,- ասել է խոսնակը:
Ըստ Գուլիելմիի՝ Գաղտնի ծառայությունը նաև թռիչքների ժամանակավոր սահմանափակումներ է մտցնում «նախկին նախագահի նստավայրի վրայով և նրա ճանապարհորդությունների ընթացքում»: «Բացի դրանից՝ նախկին նախագահը ստանում է տեխնիկական անվտանգության ամենաբարձր սարքավորումները»,- հավելել է նա։