ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
ԱՄՆ-ն պլանավորում է կործանիչներ, հրթիռներ և զինամթերք մատակարարել Իսրայելին

ԱՄՆ-ն պլանավորում է կործանիչներ, հրթիռներ և զինամթերք մատակարարել Իսրայելին

ԱՄՆ կառավարությունը դիտարկում է Իսրայելին 50 նոր F-15 կործանիչներ, AIM-120 միջին հեռահարության «օդ-օդ» դասի կատարելագործված հրթիռներ, ինչպես նաև զինամթերք վաճառելու հնարավորությունը: Այդ մասին առաջինը հաղորդել է POLITICO հրատարակությունը:

Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ներկայացուցիչներից մեկը The Hill-ին հաստատել է, որ վարչակազմը Կոնգրեսի համապատասխան հանձնաժողովներին ոչ պաշտոնապես տեղեկացրել է վաճառքի մասին, իսկ հանձնաժողովի նախագահ Մայքլ Մաքքոլն արդեն «հավանություն է տվել այն բանին, որ գործարքի մասին պաշտոնապես ծանուցվի Կոնգրեսին»:

CNN-ն իր հերթին, հղում անելով աղբյուրներին, հաղորդել է, որ վարչակազմը շուտով կարող է հավանություն տալ Իսրայելին 50 F-15 կործանիչներ վաճառելուն. գործարքի արժեքը գնահատվում է 18 միլիարդ դոլար։

Հեռուստաալիքը հաղորդում է, որ Կոնգրեսում դեմոկրատների շրջանում նաև աճում է անհանգստությունը նախագահ Ջո Բայդենի վարչակազմի՝ Իսրայելին հետախուզական տվյալներ փոխանցելու շարունակական գործելակերպի առնչությամբ, որը նախագահի հրամանով ընդլայնվել է հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակումից և Գազայի հատվածում Իսրայելի պատասխան ռազմական գործողություններից հետո:

Ամերիկյան ԶԼՄ-ները, մեկնաբանելով սպառազինությունների հնարավոր մատակարարումները, շեշտում են, որ այս քննարկումները տեղի են ունենում Բայդենին ուղղված կոչերի ֆոնին՝ զերծ մնալ Իսրայելին զենք մատակարարելուց:

  • Կիսվել: