հինգշաբթի, հուլիս 23
23 / 7 / 2026
ԱՄՆ-ն պատրաստ է նպաստել ռուս-ուկրաինական պատերազմի ավարտին. Մարկո Ռուբիո

ԱՄՆ-ն պատրաստ է նպաստել ռուս-ուկրաինական պատերազմի ավարտին. Մարկո Ռուբիո

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հուլիսի 23-ին Մանիլայում լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Վաշինգտոնը կշարունակի ուսումնասիրել Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու ճանապարհ գտնելու հնարավորությունները։ Ռուբիոն այս հայտարարությունն արել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից և ԱՍԵԱՆ-ի գագաթնաժողովին մասնակցելուց հետո։

The Guardian-ի փոխանցմամբ, ԱՄՆ պետքարտուղարը «շատ արյունալի պատերազմ» է անվանել ռուս-ուկրաինական պատերազմը՝ նկատելով, որ ինչպես ռուսական, այնպես էլ ուկրաինական կողմերը շատ ծանր գին են վճարում դրա դիմաց։

«Կարծում եմ՝ երկու կողմերն էլ պետք է շահագրգռված լինեն այն ավարտելու հարցում»,- նշել է Ռուբիոն։

Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ն փորձել է և շարունակելու է փորձել հասկանալ՝ արդյոք կարող է գտնել այնպիսի ճանապարհ, որը կհանգեցնի պատերազմի ավարտին։

«Մենք պատրաստ ենք ստանձնել այդ դերը, եթե նման հնարավորություն ստեղծվի։ Մենք այսօր դա արտահայտեցինք և նախկինում ևս հայտնել ենք այդ մասին»,- ասել է նա։

Ռուբիոն նշել է, որ Ուկրաինայում պատերազմը ավարտելու շուրջ համաձայնության հասնելու համար անհրաժեշտ կլինեն «նոր գաղափարներ», քանի որ մինչ այժմ ներկայացված առաջարկները «այն ժամանակ ընդունելի չէին Ուկրաինայի համար, և կարծում եմ՝ այժմ ևս ընդունելի չէին լինի, գուցե նույնիսկ ավելի քիչ ընդունելի»։

«Եթե խաղաղություն հաստատվի, ապա դա տեղի կունենա ինչ-որ նոր գաղափարի և նոր մոտեցումների շնորհիվ։ Մենք պատրաստ ենք նման գաղափարներ առաջարկել համապատասխան պայմաններում և ձևաչափով, եթե նման հնարավորություն ստեղծվի և պայմանները ճիշտ լինեն։ Մենք պատրաստ ենք դրական դեր խաղալ», - ասել է նա։

Ռուբիոն ընդգծել է, որ ԱՄՆ-ը ցանկանում է, որ վերջ տրվի ռուս-ուկրաինական պատերազմին։

«Մենք պատրաստ ենք ունենալ ցանկացած դրական դերակատարություն, որը կարող է օգնել ավարտել պատերազմը։ Սակայն դրա համար անհրաժեշտ է մի բան, որի շուրջ կարող են համաձայնության գալ և՛ Ռուսաստանը, և՛ Ուկրաինան։ Դա չի տեղի ունենալու մամուլի ասուլիսի ընթացքում։ Դա չի տեղի ունենալու Ֆիլիպիններում անցկացվող մեկ հանդիպման արդյունքում։ Դրա համար անհրաժեշտ կլինի մեծ աշխատանք։

Մենք նախկինում ներդրել ենք ջանքեր այդ ուղղությամբ։ Դրանք հաջողություն չունեցան, առնվազն՝ այն ժամանակ արդյունք չտվեցին։ Եթե պայմաններն ու գործոնները փոխվել են դա հնարավոր դարձնելու համար, ապա մենք պատրաստ ենք առաջ շարժվել»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը՝ նշելով, որ ԱՄՆ նախագահը հավատարիմ է այդ նպատակին, և եթե Վաշինգտոնը տեսնի իրավիճակի վրա ազդելու հնարավորություն, կփորձի օգտագործել այն։

«Ի վերջո, նախագահին ամենաշատը հետաքրքրում է հետևյալը՝ որ մարդիկ դադարեն մահանալ, որ մարդիկ այլևս չզոհվեն, որ Ուկրաինան կարողանա ապրել խաղաղության մեջ, ուկրաինացիները կարողանան վերադառնալ իրենց երկիր և վերականգնել այն։ Եվ որ երիտասարդ ռուսները մարտի դաշտում չզոհվեն՝ շաբաթական 5 հազար մարդու չափով։

Նա կարծում է, որ սա հիմար պատերազմ է։ Նա կարծում է, որ սա անիմաստ պատերազմ է։ Եվ եթե մենք կարողանանք դեր խաղալ դրա ավարտին հասնելու գործում, ապա կօգտագործենք Միացյալ Նահանգների ուժն ու ազդեցությունը դա իրականացնելու համար։ Մենք պատրաստ ենք դա անել, եթե հնարավորություն ստեղծվի։ Եվ ես հույս ունեմ, որ այդ հնարավորությունը կլինի։ Դա այն է, ինչ մենք հետևողականորեն փոխանցել ենք երկու կողմերին», - հայտարարել է Ռուբիոն։

 

  • Կիսվել: