ԱՄՆ-ն պատերազմում Ռուսաստանի և Ուկրաինայի կորուստները գնահատել է 500 հազար մարդ․ NYT
Ռուսաստանն ու Ուկրաինան 18 ամսվա պատերազմի ընթացքում կորցրել են 500 հազար զինվորական, գրում է The New York Times-ը՝ հղում անելով ԱՄՆ պաշտոնյաներին։
Պաշտոնյաները ռուսական կողմի կորուստները գնահատում են 300.000 մարդ, որոնց թվում է՝ մինչև 120.000 զոհ և 170.000-ից 180.000 վիրավոր։ Ուկրաինական կորուստները, ըստ պաշտոնյաների, կազմում են 70.000 զոհ և 100.000-ից 120.000 վիրավոր:
Իրական կորուստները, սակայն, դժվար է գնահատել, քանի որ Ռուսաստանը նվազեցնում է տվյալները, իսկ Ուկրաինան դրանք չի հրապարակում։
Միաժամանակ, ինչպես նշում են թերթի զրուցակիցները, մարտի դաշտում ռուսական ուժերը գրեթե երեք անգամ ավելի շատ են, քան ուկրաինականը։
ԱՄՆ-ի գնահատականները հիմնված են արբանյակային պատկերների, գաղտնալսումների, սոցիալական ցանցերում ու լրատվամիջոցներում հաղորդագրությունների և երկու կառավարությունների պաշտոնական տվյալների վրա: Սակայն դրանք տարբերվում են նույնիսկ ԱՄՆ կառավարության ներսում, գրում է NYT-ը։