երեքշաբթի, օգոստոս 25
25 / 8 / 2026
ԱՄՆ-ն խստացնում է Իրանի դեմ տնտեսական ճնշումը․ Բեսենթ

ԱՄՆ-ն խստացնում է Իրանի դեմ տնտեսական ճնշումը․ Բեսենթ

ԱՄՆ ֆինանսների քարտուղար Սքոթ Բեսենթը հայտարարել է, որ Վաշինգտոնն Իրանի դեմ տնտեսական ճնշումն էապես ընդլայնում է։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանում աշխարհի տարբեր երկրներում գործող ավելի քան 60 կազմակերպության, ֆիզիկական անձանց և նավերի նկատմամբ։

Բեսենթի խոսքով՝ Իրանին աջակցող ցանկացած երկիր կամ ընկերություն պետք է պատրաստ լինի ամերիկյան պատժամիջոցների։

«Մենք պատրաստվում ենք արգելափակել Թեհրանի և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ֆինանսավորման յուրաքանչյուր աղբյուր»,- հայտարարել է նա։

Նա նշել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույցներ է ունենում աշխարհի առաջնորդների հետ՝ կոչ անելով դադարեցնել Իրանի հետ ցանկացած տնտեսական համագործակցություն։

Բեսենթի խոսքով՝ այն երկրներն ու կազմակերպությունները, որոնք կշարունակեն գործարքներ իրականացնել Իրանի հետ, պետք է պատրաստ լինեն ԱՄՆ ֆինանսական համակարգից, այդ թվում՝ դոլարային համակարգից դուրս մնալուն։

«Այս տնտեսական գործողությունը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ Թեհրանի իշխանությունները չեն հայտնվել ամբողջական մեկուսացման մեջ»,- հայտարարել է ԱՄՆ ֆինանսների քարտուղարը։

  • Կիսվել: