կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
ԱՄՆ-ն կապվել է Ռուսաստանի հետ՝ Սիրիայում զարգացումների ֆոնին կապուղիները բաց պահելու համար

ԱՄՆ-ն կապվել է Ռուսաստանի հետ՝ Սիրիայում զարգացումների ֆոնին կապուղիները բաց պահելու համար

ԱՄՆ զինված ուժերն ակտիվացրել են Ռուսաստանի հետ կապուղիները՝ հաշվի առնելով Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Պենտագոնի խոսնակ Պատրիկ Ռայդերը։

«Համատեղ միացյալ օպերատիվ խմբի հրամանատարն օգտագործել է Ռուսաստանի հետ մեր ունեցած թեժ գիծը՝ կապի գծերը բաց պահելու համար՝ հաշվի առնելով այն փաստը, որ Սիրիայում մեր ուժերը գործում են աշխարհագրորեն բավական մոտ հեռավորության վրա», - ասել է նա։

Ռայդերը նշել է, որ պատրաստ չէ մանրամասներ հայտնել շփումներից, սակայն ընդգծել է, որ ԱՄՆ-ն և Ռուսաստանը «կապի մեխանիզմ ունեն՝ կանխելու հնարավոր սխալ հաշվարկները»։

«Մենք կշարունակենք շփվել տարածաշրջանում երկրների հետ, մինչ շարունակում ենք հետևել իրավիճակի զարգացմանը», - հավելել է ԱՄՆ պաշտպանության նախարարության խոսնակը:

Անցյալ շաբաթ Սիրիայում հակակառավարական ուժերը հարձակում են սկսել Իդլիբի և Հալեպի նահանգներում։ Նրանց հաջողվել է արագ վերահսկողության տակ առնել մի շարք բնակավայրեր, ինչպես նաև Հալեպը։ Հալեպի գրավումը Սիրիայի հակակառավարական ուժերի ամենամեծ հաջողությունն է վերջին տարիների ընթաքում։ 2016 թվականից ի վեր Սիրիայի կառավարությունը լիակատար վերահսկողության տակ էր վերցրել քաղաքը։ 

Reuters-ի աղբյուրները հայտնել են, որ Իրանի աջակցությունը վայելող հարյուրավոր իրաքցի մարտիկներ անցել են Սիրիա, որպեսզի կառավարական ուժերին օգնեն գրոհայինների դեմ պայքարում։

 

  • Կիսվել: