ԱՄՆ-ն Եվրոպայի և Ասիայի երկրների անվտանգությունն անբաժանելի է համարում. Բլինքեն
ԱՄՆ-ն զարգացնում է համագործակցության ցանցը Եվրոպայի և Ասիայի երկրների հետ, քանի որ այդ տարածաշրջանների անվտանգությունն անբաժանելի է համարում: Այս մասին Տոկիոյում «երկու գումարած երկու» ձևաչափով Ճապոնիայի և ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության և պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումից հետո մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Նա նշել է, որ ԱՄՆ-ն ընդլայնում է գործընկերությունների ցանցն ամբողջ աշխարհում, այդ թվում՝ առկա է դաշինք Ճապոնիայի հետ, որն ամրապնդում է տարածաշրջանում և նրա սահմաններից դուրս դաշնակիցների ու գործընկերների ավելի ու ավելի ինտեգրված հարաբերությունները, գործընկերների ցանցը, մասնավորապես՝ կապելով Եվրոպան և Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանը:
Ինչպես հաղորդվում է՝ կիրակի Տոկիոյում կայացավ ճապոնաամերիկյան հանդիպումը «երկու գումարած երկու» ձևաչափով, որից հետո կողմերը հայտարարեցին Ճապոնիայում տեղակայված ամերիկյան ուժերի միասնական հրամանատարություն ստեղծելու ծրագրերի մասին։