ԱՄՆ-ն դատապարտել է Իրաքյան Քուրդիստանի նախագահի տան վրա հարձակումը
Միացյալ Նահանգները շաբաթ օրը դատապարտել են Իրաքյան Քուրդիստանի ինքնավարության առաջնորդ Նեչիրվան Բարզանիի նստավայրի վրա անօդաչու թռչող սարքի հարձակումը՝ դրանում մեղադրելով Իրաքում գործող իրանցի զինյալներին:
«Իրանի և նրա հովանավորյալների այս գործողությունները Իրաքի ինքնիշխանության, կայունության և միասնության ուղղակի ոտնձգություն են»,- նշված է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Թոմի Փիգոյի հայտարարության մեջ։
«Մենք կտրականապես մերժում ենք անխտիր և վախկոտ ահաբեկչական գործողությունները, որոնք Իրանն ու նրա ահաբեկիչ գործակիցները սանձազերծել են Իրաքյան Քուրդիստանում և ողջ Իրաքում»,- հավելել է նա:
Իրաքի կառավարությունը խոստացել է հետաքննել շաբաթ օրը տեղի ունեցած անօդաչուի հարձակումը, որի թիրախը Բարզանիի երկրորդ տունն էր:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, որը շաբաթ օրը զրուցել է Բարզանիի հետ, հարձակումն անվանել է «անընդունելի»:
Փետրվարի 28-ին Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների մեկնարկից ի վեր Իրաքը ներքաշվել է տարածաշրջանային հակամարտության մեջ, որից ձգտում էր խուսափել:


