կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ԱՄՆ-ն ցանկանում է Իսրայելին ժամանակ տալ Գազայի հատվածը ոչնչացնելու համար. Իրանի ԱԳՆ

ԱՄՆ-ն ցանկանում է Իսրայելին ժամանակ տալ Գազայի հատվածը ոչնչացնելու համար. Իրանի ԱԳՆ

Գազայի հատվածում Սիոնիստական ​​ռեժիմի վայրագություններին ԱՄՆ աջակցությունը միայն կվատթարացնի իրավիճակը: Այս մասին  ասել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիրաբդոլլահյանը Լիբանանի ժամանակավոր վարչապետ Նաջիբ Միքաթիի հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է Tasnim-ը։

Նրա խոսքով՝ «Ալ-Աքսայի փոթորիկ» գործողությունը, որը սկսել են պաղեստինյան դիմադրության ուժերը, «բնական արձագանք» է Իսրայելի հանցագործություններին։ Նա նշել է, որ այդ գործողությունից հետո իրավիճակը Պաղեստինում կփոխվի։

Իրանցի նախարարը նշել է, որ Գազայի հատվածում ճգնաժամի հիմնական պատճառը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ծայրահեղական քաղաքականությունն է։ նա ընդգծել է, որ Իսրայելի շարունակվող հանցագործություններին ԱՄՆ-ի անսահմանափակ աջակցությունն էլ ավելի կսրի իրավիճակը.«Ոմանք անհանգստացած են տարածաշրջանում պատերազմի տարածմամբ և նոր ճակատների ի հայտ գալով»: Ամիրաբդոլլահյանը քննադատել է ԱՄՆ-ին, որ բոլոր կողմերին, բացի Իսրայելից, զսպվածություն ցուցաբերելու կոչ է արել՝ ընդգծելով, որ նման մոտեցումն անընդունելի է։

«ԱՄՆ-ը զինում և աջակցում է Իսրայելի ռեժիմին և Նեթանյահուին հանցագործություններ կատարելու քարտ-բլանշ է տվել։ ԱՄՆ-ը ցանկանում է Իսրայելին ժամանակ տալ Գազայի հատվածը ոչնչացնելու համար: Սա լուրջ սխալ է, որը թույլ է տվել Միացյալ Նահանգները։ Եթե ​​ամերիկացիները ցանկանում են կանխել պատերազմի տարածումը տարածաշրջանում, նրանք ստիպված կլինեն զսպել Իսրայելին»:

Միքաթին իր հերթին հայտարարել է Լիբանանի աջակցությունը Պաղեստինին։ Նա նաև ընդգծել է դիվանագիտական ​​շփումների կարևորությունը լարվածության կարգավորման համար։ Շեշտելով Գազայում արյունահեղության անհապաղ դադարեցման անհրաժեշտությունը՝ լիբանանցի պաշտոնյան կոչ է արել բոլոր ջանքերը կենտրոնացնել տարածաշրջանային պատերազմը կանխելու վրա։

  • Կիսվել: