հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
ԱՄՆ-ն առաջարկում է Գազայի համար ստեղծել ժամանակավոր միջազգային կայունացման ուժեր

ԱՄՆ-ն առաջարկում է Գազայի համար ստեղծել ժամանակավոր միջազգային կայունացման ուժեր

ԱՄՆ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին ներակայացրել է բանաձևի նախագիծ, որով առաջարկվում է Գազայի համար ժամանակավոր միջազգային կայունացման ուժեր (ISF) ստեղծել, տեղեկացնում է Reuters-ը:

Նշվում է, որ Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան Վաշինգտոնի հետ համաձայնեցնելով լրամշակում են տեքստը:

Առաջարկվող բանաձևը չի ենթադրում ՄԱԿ-ի դասական խաղաղապահ առաքելություն, այլ Անվտանգության խորհրդի մանդատ՝ «ձեռնարկելու բոլոր անհրաժեշտ միջոցները» (այսինքն՝ ուժի կիրառման թույլտվություն) ձևակերպմամբ, որը նման է Հայիթիի բանաձևին:

Առաքելության քննարկվող մասնակիցների թվում են Ինդոնեզիան, ԱՄԷ-ն, Եգիպտոսը, Կատարը, Ադրբեջանը: Եգիպտոսը դիտարկվում է որպես երկիր, որը պետք է հիմնական զորախումբ տրամադրի այդ առաքելության համար:

Իր հերթին The Guardian-ը հայտնել է, որ նախագիծը սահմանում է «լայն, հզոր լիազորություններ»՝ Գազայի հատվածում անվտանգության վերահսկողություն, զինված գործողությունների վերսկսման կանխարգելում, ապառազմականացման տարրեր (ներառյալ ռազմական ենթակառուցվածքների ոչնչացումը և վերակառուցման կանխարգելումը), քաղաքացիական բնակչության պաշտպանություն, մարդասիրական միջանցքների ապահովում, ինչպես նաև պաղեստինյան ոստիկանության ուսուցում և աջակցություն։

Հաղորդվում է նաև, որ եթե որոշումը կյանքի կոչվի, ապա ISF-ի զորակազմը պարտավոր կլինի սերտորեն համագործակցել Իսրայելի և Եգիպտոսի հետ։

  • Կիսվել: