շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
ԱՄՆ կոնգրեսականները հավանություն են տվել Վրաստանին օգնությունն ավելացնելու օրինագծին

ԱՄՆ կոնգրեսականները հավանություն են տվել Վրաստանին օգնությունն ավելացնելու օրինագծին

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը չորեքշաբթի հավանություն է տվել այն օրինագծին, որով նախատեսվում է ավելացնել Վրաստանին տրամադրվող օգնությունը (այդ թվում ռազմական), ինչպես նաեւ պատժամիջոցների կիրառում այն անձանց հանդեպ, որոնք, Վաշինգտոնի կարծիքով, «մարդու իրավունքների լուրջ խախտումներ» են թույլ տվել Աբխազիայում եւ Հարավային Օսիայում։

Նախագծին կողմ է արտահայտվել 406 մարդ, 20-ը դեմ է քվեարկել։ Այժմ փաստաթուղթը պետք է ուղարկվի Սենատի քննարկմանը։

«Կոնգրեսում կարծում են, որ Վրաստանին Միացյալ Նահանգների օգնությունը պետք է ավելացվի»,- նշվել է տեքստում։ «Միացյալ Նահանգների քաղաքականությունը պետք է ուղղված լինի կայունության եւ ինքնապաշտպանության, ինչպես նաեւ զսպման ուղղությամբ  Վրաստանի հնարավորությունների մեծացմանը, այդ թվում ի հաշիվ համապատասխան օգնության՝ ուղղված Վրաստանի Զինված ուժերի պոտենցիալի բարձրացմանը»,- նշվել է փաստաթղթում։ Օրինագծով նախատեսվել է, որ Վրաստանի պահանջմունքների անհրաժեշտ ուսումնասիրությունը կատարելու է ԱՄՆ պետքարտուղարը՝ հետագայում օրենսդիրներին դրանց մասին հաշվետվություն ներկայացնելու նպատակով։

Բացի այդ, նախաձեռնությամբ նախատեսվել է, որ ամերիկյան դիվանագիտության ղեկավարը պետք է գործողություններ ձեռնարկի՝ Թբիլիսիին կիբեռսպառնալիքների դեմ պայքարում աջակցություն ցուցաբերելու համար։ «ԱՄՆ քաղաքականությունը նաեւ պետք է ներառի Վրաստանի պայքարի հնարավորությունները» իբր առկա «ռուսական ապատեղեկատվության եւ քարոզչության դեմ, որոնք ուղղված են Վրաստանի ինքնիշխանության եւ դեմոկրատական ինստիտուտների խափանմանը», նշվել է տեքստում։

Օրինագծով նախատեսվել է, որ ԱՄՆ նախագահը պետք է պատժամիջոցներ մտցնի այն անձանց դեմ, «որոնք պատասխանատու են կամ մասնակցել են մարդու իրավունքների լուրջ խախտումներին» Աբխազիայում եւ Հարավային Օսիայում։ Դրանք պետք է տարածվեն նաեւ այն մարդկանց վրա, որոնք նման անձանց նյութական, ֆինանսական եւ տեխնոլոգիական աջակցություն են ցուցաբերում, նաեւ այն կառույցների վրա, որոնք պատկանում են նրանց կամ վերահսկվում են նրանց կողմից։ Ընդ որում՝ Սպիտակ տան ղեկավարը, փաստաթղթի տեքստի համաձայն, իրավունք ունի պատժամիջոցներ չմտցնել, եթե համարի, որ դրանցից հրաժարումը «կարեւոր է  Միացյալ Նահանգների ազգային շահերի տեսակետից»։ 

  • Կիսվել: