ԱՄՆ-Իրան բանակցությունների հաջորդ փուլը կարող է տեղի ունենալ Հռոմում՝ մայիսի 24-25-ը. WSJ
Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամը կարգավորելուն ուղղված ԱՄՆ-Իրան բանակցությունների հինգերորդ փուլը կարող է տեղի ունենալ Հռոմում՝ մայիսի 24-25-ը։ Այս մասին հայտնել է ամերիկյան The Wall Street Journal (WSJ) թերթը՝ հղում անելով աղբյուրներին։
Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ տարաձայնությունները լուծելու համար Միացյալ Նահանգները և Իրանը, Օմանի միջնորդությամբ, անցկացրել են բանակցությունների չորս փուլ։ Առաջինը տեղի է ունեցել ապրիլի 12-ին Մասկատում, երկրորդը՝ ապրիլի 19-ին Հռոմում, երրորդը և չորրորդը՝ ապրիլի 26-ին և մայիսի 11-ին՝ կրկին Օմանի մայրաքաղաքում։ Իրանի պատվիրակությունը գլխավորում էր արտգործնախարար Աբբաս Արաղչին, իսկ ԱՄՆ պատվիրակությունը՝ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիթքոֆը։
Ավելի վաղ Իրանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ երկրի դեմ պատժամիջոցները հանելու դեպքում Թեհրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ քննարկել ուրանի հարստացման ծավալների և մակարդակի սահմանափակումը, սակայն երբեք չի համաձայնի միջուկային ծրագրի դադարեցմանը, քանի որ խաղաղ ատոմի իրավունքը երաշխավորված է միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը ստորագրած բոլոր երկրներին, իսկ Իրանն առաջիններից մեկն է ստորագրել այդ փաստաթուղթը:
Մայիսի 14-ին The New York Times-ը, հղում անելով աղբյուրներին, հաղորդել է, որ Թեհրանը առաջարկել է ստեղծել Մերձավոր Արևելքի երկրների կոնսորցիում ուրանի հարստացման համար՝ ամերիկյան ներդրումների ներգրավմամբ: Պարբերականը որպես կոնսորցիումի հնարավոր մասնակիցներ նշում է Սաուդյան Արաբիան և Արաբական Միացյալ Էմիրությունները։ Միաժամանակ Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղաեին հայտարարել է, որ միջուկային կոնսորցիում ստեղծելու գաղափարը չպետք է դիտարկել որպես Թեհրանի միջուկային ծրագրի այլընտրանք, որի դադարեցումը պահանջում է Միացյալ Նահանգները։