երեքշաբթի, մայիս 6
6 / 5 / 2025
ԱՄՆ-Իրան բանակցությունների չորրորդ փուլը կարող է տեղի ունենալ մայիսի 10-11-ին

ԱՄՆ-Իրան բանակցությունների չորրորդ փուլը կարող է տեղի ունենալ մայիսի 10-11-ին

Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ԱՄՆ-Իրան բանակցությունների չորրորդ փուլը կարող է տեղի ունենալ մայիսի 10-11-ին։ Այս մասին X սոցիալական հարթակում ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆի համապատասխան խոսքերը մեջբերել է Axios-ի թղթակից Բարաք Ռավիդը։

«Սպիտակ տան բանագնաց Սթիվ Ուիթքոֆն ինձ ասաց, որ ԱՄՆ-ն փորձում է Իրանի հետ միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների չորրորդ փուլը պլանավորել այս շաբաթվա վերջին։ Նա ասաց. «Եթե սա տեղի չունենա, ապա դա կլինի միայն նախագահի՝ Մերձավոր Արևելք այցի պատճառով»» , - գրել է Ռավիդը։

Նա հավելել է, որ Ուիթքոֆի խոսքով՝ Իրանի հետ բանակցությունները դրական են։

«Մենք որոշակի առաջընթաց ենք գրանցում։ Հուսով եմ՝ ամեն ինչ ճիշտ ուղղությամբ է շարժվում։ Նախագահը ցանկանում է, որ այս հարցը հնարավորության դեպքում լուծվի դիվանագիտական ​​ճանապարհով, ուստի մենք անում ենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի առաջ շարժվենք», - նշել է Ուիթքոֆը Axios-ի թղթակցի հետ զրույցում։

Ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտարարել էր, որ Թեհրանը պատրաստ է շարունակել անուղղակի բանակցությունները Վաշինգտոնի հետ իրանական միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամի լուծման հարցի շուրջ և սպասում է հաջորդ հանդիպման ամսաթվին և վայրին Օմանից, որը միջնորդի դեր է խաղում։

Ընդհանուր առմամբ, ԱՄՆ-ն և Իրանն արդեն անցկացրել են անուղղակի բանակցությունների երեք փուլ։ Առաջինը տեղի է ունեցել ապրիլի 12-ին Մասկատում, երկրորդը՝ ապրիլի 19-ին Հռոմում, որտեղ Իրանը հայտարարել է, որ լուրջ տարաձայնություններ են մնացել։

Ապրիլի 26-ին Մասկատում Օմանի միջնորդությամբ տեղի է ունեցել ԱՄՆ-ի և Իրանի միջև Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամը կարգավորելու անուղղակի բանակցությունների երրորդ փուլը։

Միացյալ Նահանգների և Իրանի միջև մայիսի 3-ին Իտալիայի մայրաքաղաք Հռոմում նախատեսված բանակցությունների չորրորդ փուլը հետաձգվել էր «լոգիստիկ պատճառներով»։

 

  • Կիսվել: