ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
ԱՄՆ դեսպանը թուրք գործարարներին հասկացրել է, որ պատժամիջոցները կարող են ընդլայնվել. թուրք լրագրողի անդրադարձը

ԱՄՆ դեսպանը թուրք գործարարներին հասկացրել է, որ պատժամիջոցները կարող են ընդլայնվել. թուրք լրագրողի անդրադարձը

Թուրք-ամերիկյան գործարար խորհրդի (TAIK) անդամները մասնակցել են Թուրքիայում ԱՄՆ դեսպան Դեւիդ Մ. Սաթերֆիլդի հետ հանդիպմանը: Նրանք հիասթափված են CAATSA պատժամիջոցների վերաբերյալ ԱՄՆ դեսպանի կոշտ դիրքորոշումից: Այս մասին գրում է թուրք լրագրող Մուրատ Յետկինը, տեղեկացնում է Ahval-ը:

Թուրք լրագրողը նշում է, որ TAIK-ի խորհրդի անդամները հունվարի 8-ին ԱՄՆ դեսպան Դեւիդ Սաթերֆիլդի հետ տեսազանգի միջոցով հանդիպում են անցկացրել, որի նպատակն էր ընտրված նախագահ Ջո Բայդենին փոխանցել թուրքական բիզնես աշխարհի պահանջները:

Լրագրողի հոդվածում նաև ասվում է, որ, անկախ քաղաքական հարաբերություններից, TAIK-ը հույս ուներ, որ CAATSA պատժամիջոցները չեն ազդի տնտեսական հարաբերությունների վրա, սակայն թուրք գործարարներին ցնցել է պատժամիջոցների վերաբերյալ ԱՄՆ դեսպանի հաստատակամ դիրքորոշումը:

Հանդիպումից հետո TAIK-ը մամուլի համար հայտարարություն է տարածել, որում ասվում է, թե Սաթերֆիլդը պնդում է, որ ՛՛պատժամիջոցները որոշակի բնույթ ունեն, եւ շուկայի մեծ մասը բաց կմնա առեւտրի համար՛՛:

Հոդվածում լրագրողն ամփոփում է Սաթերֆիլդի հայտարարության նշանակությունը՝ առանձնացնելով հետևյալ կետերը՝

1. Պատժամիջոցները կգործեն այնքան ժամանակ, քանի դեռ Թուրքիան պնդում է С-400-ների գնումը, հենց դա նկատի ուներ դեսպանը «որոշակի» արտահայտության տակ,

2. Պատժամիջոցների մասին որոշումը հետ չի կանչվի, քանի որ այն ընդունվել է Կոնգրեսի կողմից: Այն դարձել է օրենք, որն ուժի մեջ կմտնի երեք շաբաթից,

3. Առեւտուրը հնարավոր չէ պատժամիջոցների ենթակա տարածքներում, օրինակ՝ պաշտպանական արդյունաբերության մեջ,

4. Կա այլ ոլորտների վրա տարածման հնարավորություն, էներգետիկայի, գյուղատնտեսության եւ դեղագործության ոլորտների հետ մեկտեղ:

Յետկինի պնդմամբ՝ խնդիրը ոչ թե տնտեսական է, այլ քաղաքական: Եւ վերեւից այն լուծելու համար կա բավարար քաղաքական կամք: Գործարար աշխարհը նույնիսկ չգիտի, թե Անկարան որքանով է պատրաստ Բայդենի վարչակազմի հետ հանդիպմանը, հավելել է Յետկինը: Նրա կարծիքով՝ այս պահից Էրդողանի համար շատ դժվար է հրաժարվել С-400-ից: Առանցքային խնդիրը Ռուսաստանից գնված С-400 հրթիռներն են:

Լրագրողը, եզրափակելով հոդվածը, գրում է. ՛՛Շեմերը պարզ են՝ Բայդենը նախագահի պաշտոնը կստանձնի հունվարի 20-ին, ՆԱՏՕ-ի հանդիպումը տեղի կունենա փետրվարի 17-ին, իսկ ԵՄ առաջնորդների գագաթաժողովը` մարտի 25-ին: Առջեւում հետաքրքիր շաբաթներ ու ամիսներ են սպասվում: Թուրքական գործարար աշխարհն այժմ պետք է հասկանա, որ փոփոխությունները արագացրել է Covid-ը, եւ որ ամեն ինչ այնպես չէ, ինչպես նախկինում էր՛՛:

 

  • Կիսվել: