հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Ամերիկյան կողմը վստահեցնում է, որ Թրամփի հետ պայմանավորվածությունները «երկաթբետոնե» են. Ուշակով

Ամերիկյան կողմը վստահեցնում է, որ Թրամփի հետ պայմանավորվածությունները «երկաթբետոնե» են. Ուշակով

Մոսկվան և Վաշինգտոնը շարունակում են աշխատանքն Ուկրաինայի հակամարտության երկարաժամկետ կարգավորման ուղղությամբ։ Այս մասին «Մոսկվա: Կրեմլ: Պուտին» ծրագրում լրագրող Պավել Զարուբինի հետ զրույցում ասել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը, տեղեկցնում է Կոմերսանտը:

Նշվում է, որ նա ասել է, որ բանակցությունները վերաբերում են ոչ թե ժամանակավոր հրադադարին, այլ հակամարտության կայուն լուծման հեռանկարներին։

Ուշակովի խոսքով՝ ԱՄՆ ներկայացուցիչները, որոնց հետ այժմ ընթանում են քննարկումները, զգալիորեն տարբերվում են նախորդ վարչակազմերի կադրերից։

«Ամերիկացիներն ամեն կերպ ընդգծում են, որ Թրամփն այլ մարդ է, նրա գաղափարախոսությունը տարբեր է, և եթե նա ինչ-որ բանի շուրջ պայմանավորվի, դա կլինի «երկաթբետոնե»»,-կարծիք է հայտնել Ուշակովը:

Նա նաև հայտարարել է, որ ամերիկացի բանակցողները, այդ թվում՝ ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը և Դոնալդ Թրամփի փեսա Ջարեդ Քուշները, «շատ մոտ են Թրամփին և ծառայում են նրան»՝ կատարելով նրա ցուցումները։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 2-ին Մոսկվայում տեղի են ունեցել բանակցություններ ամերիկյան կողմի ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել է տարածքների հարցը։ Բանակցություններից հետո Ուիթքոֆն ու Քուշները վերադարձել են Վաշինգտոն։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդիպումից հետո վստահություն է հայտնել, որ Մոսկվան ցանկանում է ավարտել Ուկրաինայի հակամարտությունը՝ նշելով, որ Ուկրաինան բաց է թողել կարգավորման լավագույն ժամանակը, իսկ ներկայիս իրավիճակը նրա օգտին չէ։

Իր հերթին ռուսաստանյան կողմը հայտարարել է խաղաղ բանակցությունների բոլոր մանրամասների առարկայական քննարկման պատրաստակամության մասին՝ ընդգծելով, որ ձգտում է դրանց հաջող ավարտին։

  • Կիսվել: