Ամբողջ Կանադայում մոլեգնում են անտառային հրդեհները. տարհանվել է մոտ 17 000 մարդ
Մոտ 17 000 մարդ է տարհանվել Կանադայի Մանիտոբա նահանգից՝ ամբողջ երկրում արագ տարածվող անտառային հրդեհների պատճառով, հայտնում է BBC News-ը։
Ռազմական ինքնաթիռներ և ուղղաթիռներ են օգտագործվել հեռավոր շրջանների որոշ բնակիչների տարհանելու համար, քանի որ հրշեջները բախվել են մոլեգնող բոցերի։ Առաջիկա օրերին սպասվում է շոգ և չոր եղանակ։
Հրդեհներից, որոնք, ըստ պաշտոնյաների տվյալների, 188-ից ավելի են, խիտ ծուխը տարածվել է ամբողջ Կանադայում և ԱՄՆ-ի որոշ շրջաններում։
Ըստ նահանգի հրդեհային իրավիճակի մասին զեկույցի, Մանիտոբայում ընդհանուր առմամբ գործում է 25 հրդեհի օջախ, որոնցից 11-ը դասակարգվում են որպես վերահսկողությունից դուրս եկած։