շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Ալիևը պատմել է, որ 44-օրյա պատերազմի ընթացքում Ղազախստանը, Թուրքմենստանը և Իրանն անտեսել են Բաքվի խնդրանքը

Ալիևը պատմել է, որ 44-օրյա պատերազմի ընթացքում Ղազախստանը, Թուրքմենստանը և Իրանն անտեսել են Բաքվի խնդրանքը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Հարավային Կովկաս. զարգացում և համագործակցություն» միջազգային համաժողովում ելույթի ընթացքում անդարադարձել է 2020-ի Արցախյան պատերազմին՝ հայտարարելով, թե Հայաստանում մեծ ակնկալիքներ կային, որ Ռուսաստանը կմիջամտի պատերազմին։

«Դա տեղի չունեցավ, որովհետև մենք կռվում էինք «մեր տարածքում» (չակերտները՝ խմբ)», - ասել է Ալիևը՝ հավելելով, որ Հայաստանը շահարկել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) պարտավորությունները, սակայն ՀԱՊԿ մանդատն իր տարածքում անդամ երկրներին աջակցելն է։

«Բայց միևնույն ժամանակ, բոլորս էլ գիտենք, ես բազմիցս հայտարարել եմ հանրությանը, որ 44-օրյա պատերազմի ընթացքում Ռուսաստանից օրական մի քանի անգամ կանոնավոր կերպով զենքով բեռնատար ինքնաթիռներ էին թռչում Հայաստան։ Մենք հետևում էինք Ռոստովից, Մոզդոկից բոլոր ուղղություններին։ Մեր վրացի ընկերներին խնդրեցինք փակել օդային տարածքը, և նրանք դա արեցին։ Մենք նաև խնդրեցինք մեր վրացի ընկերներին փակել այն ցամաքային ճանապարհը, որը կարող էր օգտագործվել Ռուսաստանից Հայաստան զենք տեղափոխելու համար, նրանք դա արեցին, և մենք երախտապարտ ենք նրանց», - ընդգծել է Ալիևը:

Պետության ղեկավարը նշել է, որ պատերազմի ժամանակ Բաքուն նամակ է հղել մերձկասպյան բոլոր երկրներին՝ խնդրելով թույլ չտալ զենքով ռուսական բեռնատար ինքնաթիռներին Հայաստան մուտք գործել։

«Մենք այն ուղարկել ենք Ղազախստան, Թուրքմենստան և Իրան։ Ցավոք սրտի, այս ինքնաթիռները Հայաստան մուտք գործելիս օգտվել են այս երկրների տարածքներից։ Այդպես էլ եղել է, և մենք չպետք է թաքցնենք 44-օրյա պատերազմի այս կողմը։ Բայց Հայաստանի սպասելիքներն ավելի մեծ էին. նրանք կարծում էին, որ ռուսական բանակը պետք է գա, կռվի և պաշտպանի անջատողականությունը, բայց դա տեղի չունեցավ»,- ասել է Ալիևը։

  • Կիսվել: