կիրակի, նոյեմբեր 27
27 / 11 / 2022
Աջ կենտրոնամետ ուժերը հաղթում են Իտալիայի ընտրություններում

Աջ կենտրոնամետ ուժերը հաղթում են Իտալիայի ընտրություններում

«Իտալիայի եղբայրներ», «Լիգա» և «Առաջ, Իտալիա» կուսակցությունների աջ կենտրոնամետ դաշինքը Սենատի (խորհրդարանի վերին պալատ) ընտրություններում ստացել է 44,53 տոկոս՝ քվեաթերթիկների ավելի քան 90 տոկոսը մշակելուց հետո։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հենվելով Իտալիայի ՆԳՆ տվյալների վրա:

Պատգամավորների պալատի ընտրություններում աջ կենտրոնամետները ստացել են ձայների 44,34 տոկոս։

Հաղթող դաշինքում առաջատար ուժը «Իտալիայի եղբայրներ» կուսակցությունն է (Սենատում՝ 26,39%, Պատգամավորների պալատում՝ 26,44%), որի առաջնորդ Ջորջիա Մելոնին, ամենայն հավանականությամբ, կառաջադրվի կառավարության ղեկավարի թեկնածու: Դաշնակից «Լիգա» և «Առաջ, Իտալիա» կուսակցությունները՝ Սենատի և մոտավորապես նույնքան՝ Պատգամավորների պալատի ընտրություններում ստանալով ձայների, համապատասխանաբար, 9 և 8,23 տոկոսը, կմասնակցեն կառավարության ձևավորմանը։

Եվրախորհրդարանում մտահոգված են Իտալիայի ընտրությունների արդյունքներով, քանի որ «վարչապետի պաշտոնի հավանական թեկնածու՝ «Իտալիայի եղբայրներ» կուսակցության ղեկավար Ջորջիա Մելոնիի քաղաքական մոդելներն են Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը և ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը։

Ավելի վաղ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը ուշադրություն էր հրավիրել այն փաստին, որ Իտալիայում աջ կենտրոնամետ կոալիցիայի և Շվեդիայում աջակողմյան լիբերալ դաշինքի հաղթանակները չեն ազդի Եվրամիության կողմից Ուկրաինային տրամադրվող աջակցության չափի վրա։

Ֆոն դեր Լայենը նաև սպառնացել է, որ եթե ընտրություններից հետո Իտալիայում իրավիճակը «բարդանա», Եվրահանձնաժողովը կարող է օգտագործել «Լեհաստանի և Հունգարիայի նկատմամբ նախատեսվող միջոցները»։ Այս պետություններին սպառնում են տարբեր պատժամիջոցներ՝ Եվրամիության ընդունած նորմերը չկատարելու համար։

  • Կիսվել: