կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
ԱՀԿ-ն կոչ է արել հումանիտար միջանցք բացել դեպի Գազա

ԱՀԿ-ն կոչ է արել հումանիտար միջանցք բացել դեպի Գազա

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) անհրաժեշտ է համարում հումանիտար միջանցք բացել՝ Գազա «խիստ կարևոր մատակարարումների» իրականացման համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին Ժնևում կայացած ճեպազրույցում հայտարարել է ԱՀԿ պաշտոնական ներկայացուցիչ Տարիք Յաշարևիչը։  

«ԱՀԿ-ն կոչ է անում վերջ տալ բռնությանը։ Անհրաժեշտ է մարդասիրական միջանցք՝ մարդկանց կարևոր մատակարարումներ ապահովելու համար։ ԱՀԿ-ն այս հարցով աշխատում է գործընկեր գործակալությունների հետ», - նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ գործակալությունը։

Յաշարևիչը նշել է, որ Գազայի հատվածի յոթ խոշորագույն հիվանդանոցներում սպառվել են անհրաժեշտ նյութերի և միջոցների պաշարները։ ԱՀԿ-ն 1 մլն դոլար կհատկացնի բժշկական պարագաների ձեռքբերման նպատակով, որը կբավարարի մինչև 500 հիվանդի բուժման համար։ Յաշարևիչը հայտնել է նաև, որ հոկտեմբերի 9-ի դրությամբ ԱՀԿ-ն տեղյակ է եղել Գազայում 6 բուժաշխատողի մահվան մասին։ Վիրավորվել է 4 բժիշկ։ Հարձակումների ժամանակ վնասվել է 8 առողջապահական հաստատություն և շտապօգնության 9 ավտոմեքենա։

Իր հերթին, ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչ Յենս Լարկեն ճեպազրույցում հայտնել է, որ «Գազայում շաբաթ օրվանից 4 դպրոց է վնասվել»։ Ավելի քան 187 500 մարդ լքել է տները։

«Սպասվում են բնակչության հետագա տեղահանումներ, քանի որ մարտական գործողությունները շարունակվում են», - արձանագրել է նա:

  • Կիսվել: