հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
ԱՀԿ եվրոպական տարածաշրջանում 2023 թվականին 30 անգամ աճել են կարմրուկի դեպքերը

ԱՀԿ եվրոպական տարածաշրջանում 2023 թվականին 30 անգամ աճել են կարմրուկի դեպքերը

2023 թվականին կարմրուկով հիվանդացությունն Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանում աճել է 30 անգամ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային բյուրոն (ԱՀԿ-ի ԵվՏԲ):

«ԱՀԿ եվրոպական տարածաշրջանում կարմրուկով հիվանդացության տագնապալի աճ է նկատվում: 2023 թ. հունվարից մինչև հոկտեմբեր ընկած ժամանակաշրջանում կարմրուկի ավելի քան 30 հազար դեպք է գրանցվել տարածաշրջանի 53 պետություններից 40-ում: Դա ավելի քան 30 անգամ ավելի է ամբողջ 2022 թ. գրանցված 941 դեպքի  համեմատությամբ: Վերջին ամիսներին դեպքերի աճն արագացել է, և սպասվում է, որ այս միտումը կպահպանվի, եթե տարածաշրջանում շտապ միջոցներ չձեռնարկվեն հետագա տարածումը կանխելու համար», - հայտնել է տարածաշրջանային բյուրոն մամուլի տեղեկագրում:

ԱՀԿ-ի ԵվՏԲ-ի տնօրենի խոսքով՝ պատվաստումը կարմրուկի դեմ պայքարի միակ միջոցն է։

«Տարածաշրջանում մենք տեսնում ենք ոչ միայն կարմրուկով հիվանդացության դեպքերի 30 անգամ աճ, այլև գրեթե 21 հազար հոսպիտալացում և կարմրուկի հետ կապված մահվան 5 դեպք. սա մտահոգություն է առաջացնում: Պատվաստումը երեխաներին այս հնարավոր վտանգավոր հիվանդությունից պաշտպանելու միակ միջոցն է: Անհրաժեշտ են պատվաստման ուղղությամբ շտապ ջանքեր՝ փոխանցումը դադարեցնելու և հետագա տարածումը կանխելու նպատակով», - նշել է նա։

Տարածաշրջանում կարմրուկի դեմ պատվաստանյութի առաջին չափաբաժինը ստացածների թիվը 2019 թ․-ի 96 %-ից իջել է մինչև 2022 թ․-ին` 93 %, իսկ երկրորդ չափաբաժինը ստացածների թիվը՝ համապատասխանաբար 92 %-ից մինչև 91%. նորածիններն այդ պատվաստումն ընդհանրապես բաց են թողել 2020-ից մինչև 2022 թթ. ընկած ժամանակաշրջանում:

Քանի որ կարմրուկի դեպքեր են գրանցվել նույնիսկ շատ երկրներում, որտեղ այս հիվանդությունը հայտարարվել էր վերացած, ԱՀԿ-ում կոչ են անում տարածաշրջանի պետություններին պահպանել մանկական պլանային պատվաստումների շատ բարձր մակարդակը՝ առնվազն 95 %:   

  • Կիսվել: