հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Ահաբեկչություն Պակիստանի ոստիկանական բաժանմունքում. ավելի քան 20 մարդ է մահացել

Ահաբեկչություն Պակիստանի ոստիկանական բաժանմունքում. ավելի քան 20 մարդ է մահացել

Իսլամիստ գրոհայիններն այսօր բեռնատարով մխրճվել են Պակիստանի հյուսիս-արևմուտքում գտնվող ոստիկանական բաժանմունքի մեջ, ինչի հետևանքով 24 մարդ է մահացել։ Տեղեկությունը հայտնում է «Reuters»-ը՝ հղում անելով անվտանգության 2 աշխատակցի։

Նշվում է, որ պայթուցիկի և հրազենի կիրառմամբ հարձակումը տեղի է ունեցել Աֆղանստանի հետ սահմանին գտնվող Դերա Իսմայիլ Խան շրջանում:

Գործակալության աղբյուրների տվյալներով՝ ոստիկանական բաժանմունքը Պակիստանի բանակի կողմից օգտագործվել է որպես բազային ճամբար։ Մի քանի զինյալներ բեռնատարով հարվածել են սահմանային պատին, հետո մյուսները հարձակվել են զենքով։

Պետական փրկարար ծառայության ներկայացուցիչ Այզազ Մեհմուդը հայտնել է, որ ահաբեկչության հետևանքով կան նաև վիրավորներ, նրանցից մի քանիսի վիճակը ծայրահեղ ծանր է:
Երկրի ներքին գործերի նախարար Սարֆրազ Բուգտին դատապարտել է հարձակումը և ցավակցել զոհերի հարազատներին։

Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է պակիստանյան «Թահրիք-ի-Ջիհադ Պակիստան» խմբավորումը* (TJP), որը հայտարարություն է տարածել`նշելով, որ հարձակումն ուղղված է եղել Պակիստանի բանակի դեմ։

  • Կիսվել: