շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Աֆղանստանի իրավիճակը շեղում է Թուրքիայի և տարածաշրջանային տերությունների ուշադրությունը ղարաբաղյան հակամարտությունից. Ամերիկացի վերլուծաբան

Աֆղանստանի իրավիճակը շեղում է Թուրքիայի և տարածաշրջանային տերությունների ուշադրությունը ղարաբաղյան հակամարտությունից. Ամերիկացի վերլուծաբան

 Թալիբների իշխանության զավթումն ալեկոծեց տարածաշրջանն ու հարևան երկրները: Թուրքիան այսօր ձգտում է ամրապնդվել այստեղ, իսկ Հարավային Կովկասի նկատմամբ դրա արդյուքում ուշադրությունը նվազել է: Նման կարծիք ամերիկյան Ջորջթաունի համալսարանում Աֆղանստանի վերաբերյալ քննարկումների ժամանակ հայտնեց վերլուծաբան Ռոջեր Քանգասը, գրում է «Ամերիկայի ձայնը»:

Ըստ նրա` ամերիկյան զորքերի դուրս բերումից ու թալիբների կողմից իշխանությունը զավթելուց հետո Անկարան ձգտում է մեծացնել իր դերակատարությունը Աֆղանստանում՝ հաշվի առնելով վերջին տարիների իր հավակնոտ քաղաքականությունը տարբեր տարածաշրջաններում, ներառյալ Սիրիայում, Լիբիայում, միջերկրածովում, ղարաբաղյան վերջին պատերազմի ընթացքում: Վերլուծաբանի կարծիքով մի շարք այլ երկրներ ևս կարող են ստանձնել առանցքային դերակատարություն «հետամերիկյան» Աֆղանստանում:

«Առանցքային այդ դերակատարությունը կարող է վերագրվել այնպիսի երկրներին, ինչպիսիք են, օրինակ, Քաթարը, որը մեծ վարպետությամբ աշխատել է երկու կողմերի՝ Թալիբանի և Արևմուտքի հետ, ինչպես նաև Ռուսաստանը և Չինաստանը: Այսպես, ես կարծում եմ, որ Թուրքիան այստեղ ունեցել է կորուստ»,- նշում է Քանգասը: Խոսելով Հարավային Կովկասի վրա ունեցած ազդեցության մասին՝ Ռոջեր Քանգասը գտնում է, որ իրավիճակն Աֆղանստանում ուղակիորեն չի անդրադառնում հարավկովկասյան զարգացումներին ու մասնավորապես ԼՂ հակամարտությանը:

Դրա հետ մեկտեղ, սակայն, ըստ բանախոսի, առկա է անուղակի կապ, քանի որ տարածաշրջանային տերությունների՝ Իրանի, Ռուսաստանի ու Թուրքիայի ուշադրությունը Հարավային Կովկասից տեղափոխվել է դեպի Աֆղանստան: «Կարծում եմ՝ խաղաղության գործընթացի, բանակցությունների եւ բռնությունների վերսկսման վրա իրական ազդեցության տեսանկյունից առավել մեծ է ուշադրության շեղման գործոնը»,- նշում է նա:

Վերլուծաբանը չի բացառում, որ Աֆղանստանի խնդրի պատճառով ԼՂ հակամարտության նկատմամբ ուշադրության նվազումը կարող է մեծացնել երկկողմանի ձևաչափի կարևորությունը և ստիպել հակամարտող կողմերին՝ Հայաստանին ու Ադրբեջանին ավելի մեծ ջանքեր գործադրել խնդրի կարգավորման ուղղությամբ:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: