ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Աֆղանստանի հետ բանակցությունների ժամանակ Պակիստանը հայտնել է սահմանային բախումների մասին

Աֆղանստանի հետ բանակցությունների ժամանակ Պակիստանը հայտնել է սահմանային բախումների մասին

Այսօր Աֆղանստանի ու Պակիստանի պատվիրակությունները հանդիպել են՝ փորձելով թուլացնել լարվածությունը վերջին տարիների արյունալի բախումներից հետո, տեղեկացնում է Reuters-ը։

Նշվում է, որ բանակցությունների ժամանակ զինվորականները հայտնել են, որ Աֆղանստանի սահմանին տեղի ունեցած բախումների հետևանքով զոհվել է հինգ պակիստանցի զինծառայող և 25 զինյալ:

Ըստ Պակիստանի ռազմական տեղեկատվական ստորաբաժանման՝ զինյալները փորձել են անցնել Աֆղանստանից Պակիստան ուրբաթ և շաբաթ օրերին՝ Կուռամի և Հյուսիսային Վազիրիստանի շրջաններում, որոնք դժվարանցանելի են և գտնվում են երկրի հյուսիսարևմտյան սահմանին։

Հայտարարության մեջ նշվում է, որ ներթափանցման փորձերը կասկածի տակ են դնում Աֆղանստանի կառավարության՝ «իր տարածքից ծագող ահաբեկչության խնդրի լուծման» մտադրությունները։

Իր հերթին «Թալիբան» շարժումը հերքել է զինյալներին թաքցնելու մեղադրանքները՝ պնդելով, որ Պակիստանի ռազմական գործողությունները խախտում են Աֆղանստանի ինքնիշխանությունը։

Նշենք, որ երկու երկրների պաշտոնյաները հանդիպել են Ստամբուլում՝ կանխելու հակամարտության վերսկսումը, որը ծագել էր այս ամսվա սկզբին՝ նրանց բանակների միջև տեղի ունեցած բախումներից հետո։ Դրանք համարվել են ամենաուժգին սահմանային բախումները՝ 2021 թվականին «Թալիբան»-ի կողմից Քաբուլը գրավելուց հետո։

Մարտական գործողությունները սկսվել են այն բանից հետո, երբ Պակիստանը պահանջել է «Թալիբան»-ից զսպել զինյալներին, որոնք, ըստ նրա, գործում են Աֆղանստանում գտնվող թաքստոցներից։ Սա հանգեցրել է ինտենսիվ հրաձգության և Պակիստանի կողմից իրականացված օդային հարվածների։ Անցած կիրակի Դոհայում կողմերը հրադադար են կնքել։ Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Ասիֆը շաբաթ օրը հայտարարել է, որ հրադադարը պահպանվում է, և ինքը կարծում է, որ Աֆղանստանը խաղաղություն է ցանկանում։ Նա, սակայն, միևնույն ժամանակ նաև հայտարարել է, որ Ստամբուլում համաձայնության չհասնելը կնշանակի «բաց պատերազմ»:

Պակիստանի զինված ուժերը ուրբաթ և շաբաթ օրերին հարձակվողներին անվանել են «Ֆիտնա ալ-Խարիջ» խմբավորման անդամներ՝ տերմին, որով բնութագրվում են ռազմական գաղափարախոսությամբ ներշնչված և «օտարերկրյա հովանավորների» կողմից աջակցվող խմբերը։

  • Կիսվել: