երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Աֆղանստանի հարևաններն ու Եվրոպան փորձում են կանխել միգրանտների մուտքն իրենց տարածք

Աֆղանստանի հարևաններն ու Եվրոպան փորձում են կանխել միգրանտների մուտքն իրենց տարածք

Թուրքիայի հետ սահմանի երկայնքով 40 կիլոմետրանոց պատի կառուցման աշխատանքներն արդեն ավարտվել են: Հունաստանը հասցրեց այն կառուցել, մինչև Թուրքիայի տարածքով աֆղանստանցի փախստականները կհասնեին իր սահման: Այս մասին գրել է «Ամերիկայի ձայնը»։

«Մենք հարգում ենք մարդկանց ժողովրդավարական իրավունքներն ու ազատությունները, սակայն չենք կարող թույլ տալ նոր միգրանտների անկառավարելի մուտք մեր երկիր», ասել է Հունաստանի քաղաքացիների պաշտպանության նախարարը: Պաշտոնական Աթենքը հայտարարում է, թե փախստականներին կվերաբերվի Եվրոպական միության քաղաքականությանը համապատասխան: Հիշեցնենք, որ 2015 թվականին Եվրոպա մուտք գործած 1 միլիոն 200 հազար միգրանտների համար Հունաստանն էր դարձել առաջին դարպաս:

Եվրոպական քաղաքականության կենտրոնից վերլուծաբան Հելենա Հահնը կարծում է, որ ի տարբերություն Սիրիայի պատերազմի, Աֆղանստանում թալիբները թույլ չեն տա մեծ թվով աֆղանստանցիների արտահոսք: Իրանը, ասում է նա, միշտ է նման դեպքերում փակել իր սահմանները ու փախստականների ճամբարներ կառուցել սահամանին, թույլ չտալով նրանց անցնել սահմանը: «Թուրքիան էլ պատ է կառուցել Իրանի հետ սահմանին եւ ավելացրել այն կենտրոններում պահվող անձանց թիվը, որոնց մտադիր է ավելի ուշ հետ ուղարկել իրենց երկրներ:

Սակայն հակառակ այս ամենին, մեծաթիվ աֆղանստանցիների է հաջողվել անցնել Թուրքիա: Նրանց այժմ պահում են Վան քաղաքում:

Թուրքիայի պաշտոնատար անձինք ասում են, որ նրանց հետ ուղարկելու փոխարեն դեպի Աֆղանստան, կաշխատեն ուղարկել Եվրոպական միության երկրներ, Ամերիկա ու Կանադա:

Այսօր նոր տեղեկություններ են ստացվում այն մասին, որ հիմա էլ Լեհաստանն է մտադիր կառուցել պատ Բելառուսի հետ սահմանին, որտեղ վերջերս արձանագրվել էր փախստականության մեծ ներհոսք:

Լեհաստանը մեղադրում է Բելառուսին այս փախստականներին իր սահմաններ ուղարկելու մեջ: Մարդու իրավունքների պաշտպան խմբերն էլ քննադատում են Լեհաստանին` Ժնեւի կոնվենցիայի որոշումներն անտեսելու համար, քանի որ այն մերժում է ընդունել փախստականի կարգավիճակ ստանալու այս միգրանտների դիմումները:

Այնպես որ, աֆղանական խնդիրը միայն պատերազմն ու թալիբներից փախուստը չէ, այլ նաեւ` փախուստից հետո նոր կյանք սկսելու ջանքերը:

  • Կիսվել: