ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Աֆղանստանի և Պակիստանի միջև խաղաղության շուրջ բանակցությունները Ստամբուլում ավարտվել են առանց համաձայնագրի

Աֆղանստանի և Պակիստանի միջև խաղաղության շուրջ բանակցությունները Ստամբուլում ավարտվել են առանց համաձայնագրի

Աֆղանստանի և Պակիստանի միջև խաղաղության շուրջ բանակցությունները Ստամբուլում ավարտվել են առանց համաձայնագրի: Այս մասին հայտարարել է Պակիստանի տեղեկատվության նախարարը, տեղեկացնում է France24-ը:

Նշվում է, որ նա մեղադրել է Քաբուլի պատվիրակությանը առաջընթացը խոչընդոտելու համար:

Ստամբուլի բանակցություններն ուղղված էին Աֆղանստանի և Պակիստանի միջև երկարաժամկետ հրադադարի հաստատմանը՝ սահմանային բախումներից հետո, որոնց հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել։

Պակիստանի տեղեկատվության նախարար Աթաուլլահ Թարարը հայտարարել է. «Աֆղանական կողմը շարունակ շեղվում էր հիմնական հարցից՝ խուսափելով այն հիմնական կետից, որի հիման վրա սկսվել էր երկխոսության գործընթացը։ Որևէ պատասխանատվություն ստանձնելու փոխարեն, Աֆղանստանի թալիբները դիմեցին մեղադրանքների, շեղման և խորամանկությունների։ Այսպիսով, երկխոսությունը չկարողացավ որևէ գործունակ լուծման հանգեցնել»։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 19-ին երկու երկրները Դոհայում համաձայնել էին միջնորդների առաջարկած հրադադարին, սակայն Ստամբուլում Թուրքիայի և Կատարի միջնորդությամբ անցկացված բանակցությունների երկրորդ փուլում միմյանց են մեղադրել ձախողման համար։

Պակիստանի անվտանգության ուժերի աղբյուրը հայտնել է, որ «Թալիբան»-ը հրաժարվել է սանձել պակիստանյան «Թալիբան»-ին՝ առանձին զինյալ խմբավորում, որը թշնամաբար է տրամադրված Իսլամաբադի նկատմամբ։

Աֆղանստանցի աղբյուրը հայտնել է, որ այդ հարցի շուրջ «լարված քննարկումներ» են եղել։ Նա շեշտել է, որ աֆղանական կողմը վերահսկողություն չունի պակիստանյան «Թալիբան»-ի նկատմամբ, որը վերջին շաբաթներին հարձակումներ էր գործել պակիստանյան զորքերի վրա։

Աֆղանստանի և Պակիստանի միջև բախումների ընթացքում Իսլամբադը ավիահարվածներ էր հասցրել, այդ թվում՝ մայրաքաղաք Քաբուլին՝ թիրախավորելով պակիստանյան «Թալիբան»-ի ղեկավարին։ Թալիբները պատասխանել էին՝ հարվածելով սահմանի երկայնքով տեղակայված Պակիստանի ռազմական դիրքերին։

  • Կիսվել: