Ադրբեջանում ՅՈւՆԻՍԵՖ-ի գրասենյակը կդադարեցնի գործունեությունը
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ-ի՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի Ադրբեջանի գրասենյակը այս տարվա սեպտեմբերի 3-ին կդադարեցնի իր գործունեությունը։ Այս մասին հայտնել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հաղորդակցության տարածաշրջանային ղեկավար Իրինա Մազուրը։
«ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործունեությունը Ադրբեջանում կդադարեցվի 2025 թվականի սեպտեմբերի 3-ին։ ՅՈՒՆԻՍԵՖ-ը կշարունակի համագործակցել Ադրբեջանում իր գործընկերների հետ իր տարածաշրջանային գրասենյակի և շտաբ գրասենյակի միջոցով»,-նշել է նա։
Ադրբեջանի ԱԳՆ-ից էլ հայտնել են, որ նախարար Ջեյհուն Բայրամովն այսօր ընդունել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻԴԵՖ) Ադրբեջանում ներկայացուցիչ Սաջա Ֆարուկ Աբդուլլային՝ երկրում նրա դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ։ Հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի և ՄԱԿ-ի, այդ թվում՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի միջև համագործակցության արդիական հարցերը, ինչպես նաև քննարկվել են Ադրբեջանում և այլ երկրներում իրականացվող համատեղ նախաձեռնություններն ու նախագծերը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ մարտի 3-ին նախարար Ջեյհուն Բայրամովը ՄԱԿ-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի համակարգող գրասենյակի տարածաշրջանային տնօրեն Գվի-Յեոպ Սոնի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ Բաքվի հետագա փոխգործակցությունը ՄԱԿ-ի որոշ կառույցների հետ կշարունակվի նախագծային համագործակցության մեխանիզմի միջոցով՝ ազգային առաջնահերթություններին համապատասխան։


