ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ադրբեջանի հետ Իրանի գազային սվոփների տարեկան ծավալը կազմում է 1,5-2 մլրդ խմ. Օուջի

Ադրբեջանի հետ Իրանի գազային սվոփների տարեկան ծավալը կազմում է 1,5-2 մլրդ խմ. Օուջի

Մոտ ժամանակներս Իրանի եւ Թուրքմենստանի միջեւ գազային համաձայնագիր կստորագրվի։ Այս մասին հայտարարել է Իրանի նավթի նախարար Ջավադ Օուջին՝ հավելելով, որ այդ համաձայնագրով մի քանի շաբաթից կսկսվի հարեւան երկրից օրական 10 մլն խմ գազի ներկրումը, հաղորդում է Tasnim-ը:

Ելույթ ունենալով Թուրքմենստանի պետական գազ արդյունահանող «Թուրքմենգազ» ընկերության գործադիր նախագահ Բաթիր Ամանովի հետ հանդիպմանը՝ Ջավադ Օուջին ասել է, որ Ադրբեջանի հետ գազային սվոփները սկսվել են նախագահ Իբրահիմ Ռայիսիի կառավարման հենց սկզբում՝ տարեկան 1,5-ից մինչեւ 2 մլրդ խմ ծավալով: 

Հաշվի առնելով այդ կապակցությամբ ձեռք բերված համաձայնությունները՝ գազային սվոփների ծավալը վերջին մեկ տարվա ընթացքում կրկնապատկվել է, հայտարարել է նա։

Իրանի կողմից Թուրքմենստանից 10 միլիոն խորանարդ մետր գազի օրական ներկրումը շուտով կսկսվի ընթացիկ՝ ըստ պարսկական օրացույցի Խորդադ ամսվա ընթացքում (հունիս-հուլիս), ասել է Օուջին՝ հավելելով, որ Թուրքմենստանը գազի հարուստ պաշարներով աշխարհում չորրորդ խոշորագույն գազ արտադրողն է, եւ Իրանը հնարավորություն ունի օրական 40-50 միլիոն խմ գազ ստանալ՝ իր սահմաններում գազ ներմուծելու եւ փոխանցելու համար:

Նա նաեւ մեկնաբանել է գազի ներկրման համար Թուրքմենստանին Իրանի նախորդ պարտքի մասին հարցը՝ ընդգծելով, որ Թուրքմենստանին Իրանի 1,650 մլրդ դոլարի պարտքը ամբողջությամբ մարվել է Իրանի Կենտրոնական բանկի հետ համագործակցությամբ:

Իրանը Թուրքմենստանից գազի ներկրումից հետո երկրի հյուսիս-արեւելյան հատվածում գազային ցանցում ճնշման բարելավման ականատես կլինի, հավելել է նա:

  • Կիսվել: