երկուշաբթի, հունիս 17
17 / 6 / 2024
Ադրբեջանի հետ Իրանի և Ռուսաստանի սահմանն անցնող բեռնատարների շարժն ակտիվացել է

Ադրբեջանի հետ Իրանի և Ռուսաստանի սահմանն անցնող բեռնատարների շարժն ակտիվացել է

Իրանի Առևտրի զարգացման կազմակերպության ղեկավարը հայտարարել է Իրանի և Ադրբեջանի սահմանին Աստարայի և ռուս-ադրբեջանական սահմանին Սամուրի մաքսակետերով անցնող բեռնատարների երթևեկության ավելացման մասին, գրում է parstoday.com-ը:

Անդրադառնալով Ռուսաստանի հետ ապրանքաշրջանառության զգալի աճին՝ Ալիռեզա Փեյման Փաքն ասել է.-«Առևտրի այս աճը Հյուսիս-Հարավ միջանցքի ստեղծմանը զուգահեռ ակտիվացրել է Իրանի և Ադրբեջանի սահմանին գտնվող Աստարայի և ռուս-ադրբեջանական սահմանին գտնվող Սումարի մաքսակետերով անցնող բեռնատարների երթևեկությունը»:

Փեյման Փաքը հավելել է.«Ցավոք, Իրանից Ռուսաստան ցամաքային ճանապարհին, որն անցնում է Ադրբեջանի Հանրապետության տարածքով, առկա ենթակառուցվածքները պատրաստ չեն ընդունելու ապրանքաշրջանառության այս ծավալը և խնդիրներ են ստեղծում»։

Հայտարարելով, որ Սումար մաքսակետում բեռնատարների ընդունման հնարավորությունները սահմանափակ են, և այս մաքսային ծառայությունը պետք է ընդլայնել, Իրանի Առևտրի զարգացման կազմակերպության ղեկավարն ասել է.-«Այս սահմանափակումներին զուգահեռ Ուկրաինայում ստեղծված ճգնաժամի պատճառով ռուսական ուժերի կողմից անվտանգության ստուգումների խստացումը խնդիրներ է ստեղծել բեռնատարների համար»։

 

  • Կիսվել: