ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
«Ադրբեջանի գոյությունը սպառնալիքի տակ է». իրանական ԻՀՊԿ-ն զգուշացնում է Բաքվին

«Ադրբեջանի գոյությունը սպառնալիքի տակ է». իրանական ԻՀՊԿ-ն զգուշացնում է Բաքվին

Ադրբեջանի ղեկավարության փոխազդեցությունն Իսրայելի հետ կարող է սպառնալիք դառնալ Ադրբեջանի գոյության համար:

 Այս բավականին կոշտ հայտարարությունն արել է Թավրիզում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ուժերի հրամանատար Հոսեյն Պուրսմայիլը, Sputnik Արմենիայի փոխանցմամբ, այս մասին գրում է Mehr-ը:
 
Իրանց զինվորականը կարծում է, որ Իսրայելն է կանգնած Բաքվի հակաիրանական հայտարարությունների հետևում: Պուրսմայիլի խոսքով` Իսրայելի ուղղած սպառնալիքները, որոնք հնչում են Ադրբեջանի իշխանությունների շուրթերով, ոչ միայն հակասում են Բաքվի շահերին, այլև սպառնում են այդ երկրի գոյությանը:
 
«Նորագույն պատմությունը ցույց է տալիս, թե ինչպես զարգացավ այն առաջնորդների ճակատագիրը, որոնք վստահում էին ԱՄՆ-ին և իսրայելական կողմին», - ասել է Պուրսմայիլը:
 
Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Անադոլու»-ին տված հարցազրույցում անդրադարձել էր իրանական զորավարժություններից` զարմանալով, թե ինչու դրանք ավելի վաղ չէին անցկացվում: Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խատիբզադեն հայտարարել է, որ Իրանի հյուսիս-արևմուտքում զորավարժություններ անցկացնելնը երկրի ինքնիշխան իրավունքն է: Ավելի ուշ ԻՀՊԿ հրամանատարի տեղակալ Ալի Սարդար Ֆադավին Ադրբեջանի ղեկավարության արձագանքը համեմատեց երեխայի պահվածքի հետ:

  • Կիսվել: