Հայաստանը վերջին 43 օրվա ընթացքում չի մեկնաբանել խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ Ադրբեջանի ԱԳՆ
«Հայկական կողմը պետք է հրաժարվի Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներից և միանշանակ ճանաչի, որ Ղարաբաղը Ադրբեջանի տարածքն է»։ Այդ մասին ասվում է Ադրբեջանի ԱԳՆ-ի մեկնաբանության մեջ՝ կապված Հայաստանի ԱԳՆ-ի ապրիլի 19-ի հայտարարության հետ։
«Ադրբեջանը, որպես նախաձեռնությամբ առաջինը հանդես եկած կողմ, պատրաստ է Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքել՝ հիմնված տարածքային ամբողջականության և ինքնիշխանության սկզբունքների վրա», - ասվում է հայտարարության մեջ։
Գերատեսչությունում նշել են նաև, որ «Հայաստանը վերջին 43 օրվա ընթացքում չի մեկնաբանել խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները»։
«Հայկական կողմը տարբեր պատրվակներով ոչ միայն խոչընդոտում է բանակցային գործընթացին, այլև խաղաղության պայմանագրի տեքստում փորձում է ներառել միջազգային իրավունքի սկզբունքներին ուղղակիորեն հակասող հարցեր՝ դրանով իսկ ձգձգելով գործընթացը։
Այն, որ Հայաստանը վերջին 43 օրվա ընթացքում չի մեկնաբանել խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները, նույնպես օրինակ է, որ այս երկիրը շահագրգռված չէ արդյունքի վրա հիմնված բանակցություններով»,- նշել են ԱԳՆ-ում։