երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
 Ադրբեջանի ԱԳՆ-ն հաստատել է Լաչինի միջանցքի վերաբերյալ «Կոմերսանտի» հրապարակումը

Ադրբեջանի ԱԳՆ-ն հաստատել է Լաչինի միջանցքի վերաբերյալ «Կոմերսանտի» հրապարակումը

Բաքուն մեկնաբանել է այսօր ռուսական «Կոմերսանտ» թերթում հրապարակված «Արցախն ընդդեմ Ղարաբաղի» վերտառությամբ հոդվածը, որում նշվում է, որ «նախնական համաձայնության է ձեռք բերվել այն մասին, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) կողմից Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհով Արցախ բեռներ տեղափոխելու դիմաց Ադրբեջանը 24 ժամ հետո կբացի Լաչինի միջանցքը, սակայն Ստեփանակերտը պնդել է երկու ճանապարհների միաժամանակյա բացման վրա, ինչին էլ չի համաձայնել Բաքուն»։

Մեկնաբանելով այս տեղեկությունը՝ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Հաջիզադեն հայտարարել է, որ «միջազգային գործընկերների ջանքերի արդյունքում իսկապես պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ԿԽՄԿ-ն կսկսի օգտագործել Աղդամ-Ստեփանկերտի ճանապարհը բեռների փոխադրման համար, իսկ դրանից 24 ժամ անց ԿԽՄԿ միջնորդությամբ կապահովվի Լաչինի ճանապարհի օգտագործման ակտիվացումը»:

«Բացի այդ, ադրբեջանական կողմի առաջարկի հիման վրա համաձայնեցվել է Եվլախում հանդիպում անցկացնել ադրբեջանական կողմի ներկայացուցիչների և Ղարաբաղի ներկայացուցիչների միջև, ամփոփելու համար լոգիստիկ բոլոր հարցերը։ Չնայած բոլոր պայմանավորվածություններին՝ ԼՂ ներկայացուցիչները վերջին պահին խախտել են դրանք»,- ասել է Հաջիզադեն՝ ավելացնելով, որ «ՀՀ-ն ևս շահագրգռված չէ խաղաղությամբ և կայունությամբ, ինչպես նաև այդ ուղղությամբ երկխոսությամբ»։

Նշենք, որ ռուսական «Կոմերսանտ» պարբերականը այսօր որոշ դետաքներ էր գաղտնազերծել Մոսկվայի միջոցով Լաչինի միջանցքի խնդրի հանգուցալուծման շուրջ ընթացող բանակցություններից։ Ըստ պարբերականիՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն առաջարկել է տարբերակ, որին ի սկզբանե համաձայնել են թե՛ ադրբեջանական կողմը, թե՛ ղարաբաղցիները։ Դրա էությունն այն էր, որ Աղդամի ճանապարհը բացվի, սկսվի ԿԽՄԿ-ի միջոցով անհրաժեշտ ապրանքների առաքումը։ Այդ հատվածում երթևեկության մեկնարկից ուղիղ մեկ օր անց, Մոսկվայի առաջարկով, Լաչինի միջանցքով պետք է վերականգնվեր երթևեկությունը։

«Նման տարբերակը շատ բարձր մակարդակում համաձայնեցված էր»,- ասում է «Կոմերսանտի»-ի աղբյուրը։ Սակայն, ըստ նրա, Ստեփանակերտը այնուհետ պայման է դրել, որ Լաչինը պետք է բացվի ոչ թե 24 ժամ հետո, այլ անմիջապես։ Այնուհետ, ԼՂՀ-ն հայտարարեց, որ ադրբեջանական ծագման ապրանքները չպետք է առաքվեն Աղդամով։ Ի վերջո պայմանավորվածությունը չի կայացել։

  • Կիսվել: