երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Ադրբեջանական Սոյուդլու գյուղ ոստիկանական լրացուցիչ ուժեր են ժամանել

Ադրբեջանական Սոյուդլու գյուղ ոստիկանական լրացուցիչ ուժեր են ժամանել

Լարվածությունն ադրբեջանական Սոյուդլու գյուղում պահպանվում է: Բնակչությունը պնդում է, որ տարածքում գործող ոսկու հանքի արտանետումները վնասակար ազդեցություն ունեն շրջակա միջավայրի և մարդու առողջության վրա:

Կառավարությունը հունիսի 27-ին գյուղ է ուղարկել ոստիկանության հատուկ նշանակության ստորաբաժանումների լրացուցիչ ուժեր՝ 4 ավտոբուսով։

Տեղացիների խոսքով՝ ոստիկանությունը սպառնում է ուժով դադարեցնել ցանկացած նոր բողոքի ակցիա։ Սոցցանցերում շրջանառվող տեսանյութում երևում է, թե ինչպես է տարեց կինը հաստատում, որ Բահրամ անունով մի ոստիկան հրապարակավ հրահանգել է իրավապահներին «խփել կանանց սեռական օրգաններին», որպեսզի նրանք ամաչեն իրենց մարմնի վրա բռնության հետքերը ներկայացնել որպես ապացույց:

Երեկ կրկին գյուղ է ժամանել Սոյուդլուի համար ստեղծված կառավարական հանձնաժողովի նախագահ, բնապահպանության նախարար Մուխթար Բաբաևը։ Սակայն բնակիչներին նա հստակ ոչինչ չի ասել, միայն այն, որ արհեստական ​​լճի, որտեղ թափվում են  հանքավայրի թափոնները, հողից, օդից և ջրից վերցված փորձանմուշների արդյունքները պարզ կլինեն հունիսի 28-ին:

Բաքվում ակտիվիստները ստեղծել են «Սոյուդլու» աշխատանքային խումբ՝ պաշտպանելու տեղի բնակիչների իրավունքները։

Հունիսի 22-ից գյուղի մուտքն արգելափակված է, լրագրողներին ու ակտիվիստներին ներս չեն թողնում։

  • Կիսվել: