Ադրբեջանական օդանավի կործանման մասին զեկույցը սպասվում է տարեվերջին. Ղազախստանի փոխվարչապետ
Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտակայքում AZAL-ի օդանավի կործանման հետաքննության վերջնական զեկույցը կարող է հրապարակվել մինչև 2025 թվականի վերջը: Այս մասին Աստանայում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ղազախստանի փոխվարչապետ Կանատ Բոզումբաևը, տեղեկացնում է Ինտերֆաքսը։
Նա, մասնավորապես, նշել է. «AZAL-ի հետ կապված միակ հարցը, որը ես չէի ցանկանա քաղաքականացնել, այն է, թե ինչպես է այն վնասվել։ Արտաքին առարկաների բեկորները գտնվում էին ֆյուզելաժում, ամբողջությամբ հեռացվել են քննչական աշխատանքային խմբի կողմից և ուղարկվել Գլխավոր դատախազության կողմից պայթուցիկ նյութերի և դատաբժշկական փորձաքննության։ Մենք սպասում ենք դրանց ավարտին։ Մենք գիտենք, թե երբ է օդանավը վնասվել, բայց չգիտենք, թե ինչով է այն վնասվել։ Այս հարցին պատասխանելու համար մեզ անհրաժեշտ են իրավապահ մարմինների կողմից անցկացված այդ փորձաքննությունների արդյունքները»:
Հիշեցնենք, որ 2024 թվականի դեկտեմբերի 25-ին Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտակայքում վթարի էր ենթարկվել AZAL-ի J2-8243 չվերթի Embraer 190AR ուղևորատար օդանավը, որտեղ եղել է 67 մարդ՝ 62 ուղևոր և անձնակազմի 5 անդամ։ Վթարի հետևանքով զոհվել է 38 մարդ, 29-ը՝ ողջ մնացել։ Աղետի պատճառը հակաօդային հրթիռային հարվածն էր, որը, ենթադրաբար, արձակվել է ռուսական «Պանցիր-Ս1» հակաօդային համակարգից:
Ռուսաստանի հարավում անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակման սկսվելուց հետո հակաօդային պաշտպանությունը բերվել էր բարձր պատրաստվածության վիճակի: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն էլ օրերս հայտարարել էր, որ Բաքուն միջազգային հայց է պատրաստում Ռուսաստանի դեմ՝ 2024 թվականի վերջին «Ադրբեջանական ավիաուղիների» (AZAL) օդանավի կործանման պատճառով:


