Աբխազիայի ընդդիմությունը կամուրջներ է շրջափակել՝ պահանջելով ազատ արձակել ձերբակալված կողմնակիցներին
Աբխազիայի իշխանությունները նոյեմբերի 11-ին ձերբակալել են ակտիվիստների, որոնք բողոքում էին Աբխազիայի տարածքում Ռուսաստանի ընկերություններին ներդրումային ծրագրեր իրականացնել թույլ տվող նախաձեռնության դեմ։ Ընդդիմադիրները շրջափակել են Սուխումի շուրջ գտնվող երեք կամուրջ և դրանք բացելու դիմաց պահանջել ազատ արձակել ձերբակալված ակտիվիստներին։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Հոկտեմբերի 30-ին Մոսկվայում Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը և Աբխազիայի փոխվարչապետ, էկոնոմիկայի նախարար Քրիստինա Օզգանը ստորագրել էին համաձայնագիր, որը Ռուսաստանի ընկերություններին թույլ է տալիս ներդրումային ծրագրեր իրականացնել Աբխազիայի տարածքում։ Նոյեմբերի 11-ին խորհրդարանն ընդունել է օրենք Աբխազիայի տարածքում բազմաֆունկցիոնալ համալիրների կարգավիճակը կարգավորելու մասին, որտեղ նաև խոսք է գնում այդ համաձայնագրի մասին։
Աբխազիայի գլխավոր դատախազության տվյալներով՝ խորհրդարանի նիստից հետո մի խումբ անձինք, որոնք գտնվում էին խորհրդարանի շենքի բակում, անպարկեշտ արտահայտություններով ուղեկցվող անօրինական գործողություններ են կատարել պատգամավորներից մեկի նկատմամբ։ Նրանք ձերբակալվել են։
Այս միջադեպից հետո «Աբխազական ժողովրդական շարժում» ընդդիմադիր հասարակական կազմակերպության նախագահ Ադգուր Արձինբան հայտարարել է 3 կամուրջ փակելու մասին՝ նշելով, որ իրենց կողմնակիցները ձերբակալվել են ապօրինաբար, և նրանց ձերբակալությունը տեղի է ունեցել անհամաչափ ուժի կիրառմամբ։
Արձինբան հայտարարել է, որ ընդդիմությունը մտադիր է հասնել ակտիվիստների ազատմանը և վերոնշյալ համաձայնագրի չեղարկմանը։
Իշխանությունների հետ բանակցություններից հետո ընդդիմադիր ակտիվիստների ձերբակալության դեմ բողոքողները ժամանակավորապես ապաշրջափակել են Օչամչիրայի շրջանի Աձյուբժա գյուղում Կոդոր գետի կամուրջը, որը կապում է Արևելյան Աբխազիան Սուխումի հետ։ Իշխանությունները երաշխիքներ են տվել, որ ձերբակալված քաղաքական ակտիվիստներն ազատ կարձակվեն։
Աբխազիայի առողջապահության նախարար Էդուարդ Բուտբան հայտարարել է, որ ճանապարհների փակման պատճառով առաջանում են շտապօգնության մեքենաների և հանրապետությունից դուրս բուժօգնության կարիք ունեցող մարդկանց տեղաշարժի հետ կապված խնդիրներ։
Աբխազիայի անվտանգության խորհրդից ՏԱՍՍ-ին հայտնել են, որ իրավիճակը խիստ լարված է, սակայն վերահսկելի։