կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Աբխազիան մինչև 2024-ը կչեղարկի Ռուսաստանի հետ «սահմանը»

Աբխազիան մինչև 2024-ը կչեղարկի Ռուսաստանի հետ «սահմանը»

Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիան նախատեսում է մինչև 2024 թվականը «չեղարկել Ռուսաստանի հետ սահմանը», գրում է aliq.ge-ն:

Աբխազիայի դե ֆակտո իշխանությունները մեղմ ձևակերպում են գտել այս որոշման համար՝ «ազատ տեղաշարժ», հայտարարել են, որ այն նախատեսվում է իրականացնել մեկ, առավելագույնը՝ մեկուկես տարուց։

«Այս հարցը մշակման փուլում է։ Արդեն այս տարի նախատեսվում է պարզեցնել երթևեկությունը: Ինչպես նախատեսված է 2014 թվականի միջպետական ​​համաձայնագրով, մենք ցանկանում ենք քաղաքացիների, ապրանքների և ծառայությունների տեղաշարժը դարձնել ազատ՝ առանց սահմանափակումների։ Պայմանագրի այս կետի իրականացման համար արդեն իսկ ստեղծված են պայմաններ, թեև դա պահանջում է նաև որոշակի իրավական, կազմակերպչական և նախապատրաստական ​​աշխատանք։ Մենք շարժվում ենք այս ուղղությամբ»,- ասել է Աբխազիայի դե ֆակտո նախագահ Ասլան Բժանիան:

Նրա խոսքով՝ Ռուսաստանի հետ սահմանն ամեն տարի հատվում է 11 միլիոն անգամ, իսկ այցելուների 99 տոկոսը Ռուսաստանի քաղաքացիներ են։

Բժանիան նաև հայտնել է, որ Աբխազիան պատրաստ է արևմտյան պատժամիջոցների ֆոնին Ռուսաստան ապրանքների զուգահեռ ներմուծման հարթակ դառնալ:

Ըստ դե ֆակտո նախագահի՝ Աբխազիայում «երկու նավահանգիստ կա, որոնց միջոցով հնարավոր է գնալ այլ պետություններ»։ Բժանիան, սակայն չի հստակեցրել, թե որ նավահանգիստների մասին է խոսքը:

«Մեր տարանցիկ կարողությունների մասշտաբները դեռ ամբողջությամբ չեն օգտագործվում, և դա քննարկման առարկա է։ Աբխազիան չի վախենում պատժամիջոցներից: Մենք ճանաչված ենք որոշ պետությունների կողմից, ամենակարևորը ճանաչվել ենք Ռուսաստանի կողմից։ Մենք չենք վախենում որևէ պատժամիջոցից, դրանք մեզ համար երբեք չեն չեղարկվել։ Ընդհակառակը, այդ դժվարությունները մեզ կմոտեցնեն Ռուսաստանին»,- հավելել է Բժանիան։

  • Կիսվել: