երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Աբդոլլահիանն ու Բորելը քննարկել են իսրայելապաղեստինյան հակամարտությունը

Աբդոլլահիանն ու Բորելը քննարկել են իսրայելապաղեստինյան հակամարտությունը

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոսեպ Բորելի հետ հեռախոսազրույց է ունեցել, որի ժամանակ ԱՄՆ-ի ոչ կառուցողական քաղաքականությունը գնահատել է որպես Գազայում պատերազմի շարունակման և ընդլայնման կարևոր գործոն, տեղեկացնում է իրանական Mehr-ը։

Ըստ աղբյուրի՝ Աբդոլլահիանն ասել է, որ, ցավոք, Գազայում օրական 300-ից 700 խաղաղ բնակիչ է նահատակվում, և Գազայի շրջափակման և մարդասիրական միջանցքի փակման պատճառով անհնար է դեղ և սնունդ ուղարկել այդտեղի բնակիչներին:

Ըստ Աբդոլլահիանի՝ ՛՛սիոնիստական ​​ռեժիմի հանցագործությունները ճնշված Պաղեստինի ժողովրդի դեմ շարունակվում են, իսկ ամբողջ աշխարհում անցկացվում են լայնածավալ ցույցեր՝ դատապարտելով Սիոնիստական ​​ռեժիմի գործողությունները և Գազայի խաղաղ բնակչության, կանանց և երեխաների դեմ ուղղված հանցագործությունները՛՛:

Ինչպես հաղորդվում է՝ Բորելն իր հերթին ասել է, որ լարվածության տարածումը տարածաշրջանում շատ վտանգավոր է, և բոլոր կողմերը պետք է զսպվածություն ցուցաբերեն։

Նա նշել է, որ Եվրամիությունը շարունակում է պատերազմը դադարեցնելու իր ջանքերը՝ ասելով, որ ԵՄ-ն ընդգծում է Գազայի խաղաղ բնակչությանն օգնություն ցուցաբերելու համար մարդասիրական միջանցքի բացման կարևորությունը։

Բորելը նաև շեշտել է Իրանի կարևոր դերը տարածաշրջանում լարվածության նվազեցման գործում։

  • Կիսվել: