երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
2023-ը չափազանց բարդ և լարված տարի էր ՀԱՊԿ-ի և նրա անդամների համար. Բելառուսի ԱԳՆ

2023-ը չափազանց բարդ և լարված տարի էր ՀԱՊԿ-ի և նրա անդամների համար. Բելառուսի ԱԳՆ

2023 թվականը չափազանց բարդ և լարված տարի էր ՀԱՊԿ-ի և նրա անդամների համար։ Այս մասին Մինսկում ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի համատեղ նիստի ժամանակ հայտարարել է Բելառուսի արտաքին գործերի նախարար Սերգեյ Ալեյնիկը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նա, մասնավորապես, ասել է. ՛՛Այսօր մեզ սպասվում է տարվա արդյունքների ամփոփում մեր համատեղ նիստի ձևաչափով։ Վաղը 2023 թվականի աշխատանքի արդյունքները կքննարկեն մեր ղեկավարները՝ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի անդամները։

Այս տարին չափազանց բարդ էր ու լարված թե՛ ՀԱՊԿ-ի, թե՛ նրա անդամ պետությունների, թե՛ կազմակերպությունում բելառուսական նախագահության համար: Այնուամենայնիվ, մեզ հաջողվեց իրականացնել գրեթե բոլոր նախատեսված միջոցառումները։ Ընթացիկ տարում Մինսկը, առանց չափազանցության, դարձավ ՀԱՊԿ-ի մայրաքաղաքը՝ հանդիպումներ անցկացրին արտգործնախարարները, պաշտպանության նախարարները, անվտանգության խորհուրդների քարտուղարները, խորհրդարանականները, կազմակերպության համակարգող կառույցները, որոնք պատասխանատու են անդրազգային մարտահրավերներին և անվտանգության սպառնալիքներին հակազդելու համար՛՛։

Ալեյնիկը հիշեցրել է, որ հոկտեմբերին Մինսկում անցկացվեց Եվրասիական անվտանգությանը նվիրված միջազգային համաժողով՝ ՀԱՊԿ անդամ պետությունների և կազմակերպության քարտուղարության ակտիվ մասնակցությամբ:

՛՛Մենք այսօրվա նիստին մոտեցել ենք անցկացված միջոցառումների պատկառելի ուղեբեռով, պատրաստված փաստաթղթերով և ապագայի պլաններով: Վստահ եմ՝ հիմա կկարողանանք, ինչպես միշտ, վստահ ու բաց կերպով մտքեր փոխանակել տարածաշրջանում և աշխարհում տիրող իրավիճակի վերաբերյալ և ստորագրել համաձայնեցված փաստաթղթեր, որոնց մեծ մասն այնուհետև կհասնի Հավաքական անվտանգության խորհրդի անդամների սեղանին՛՛,-նշել է նա:

Բելառուսի ԱԳ նախարարը նաև ընդգծել է, որ ՀԱՊԿ շրջանակներում անցկացվող միջոցառումներն առանձնանում են բարեկամական և ջերմ մթնոլորտով, ինչը, նրա խոսքով, միշտ համարվել է ՀԱՊԿ բոլոր միջոցառումների այցեքարտը։

  • Կիսվել: