երեքշաբթի, հուլիս 28
28 / 7 / 2026
1 միլիարդ ռոբոտ և մարդկանց փոխարինում. Իլոն Մասկը պատմել է, թե ինչպիսին կլինի աշխարհը 2030 թվականին մոտ

1 միլիարդ ռոբոտ և մարդկանց փոխարինում. Իլոն Մասկը պատմել է, թե ինչպիսին կլինի աշխարհը 2030 թվականին մոտ

Արհեստական բանականությունը բացում է «առատության դարաշրջան», թե՞ մեզ թվային ապոկալիպսիս է սպասվում:

Որևէ մեկի սրտով է, թե ոչ, ակնհայտ է մի բան. դեպի իր վերջնակետը սլացող «արհեստական բանականություն» կոչվող գնացքն այլևս անհնար է կանգնեցնել: Կառուցվում են հսկայական տվյալների կենտրոններ, ավտոմատացումն աստիճանաբար խլում է աշխատատեղերը, իսկ կառավարություններն ամբողջ աշխարհում ներքաշվել են «Մանհեթենյան նախագծի» ձևաչափի մրցավազքի մեջ՝ փորձելով առաջինը ստեղծել գլխավոր գրաալը՝ ուժեղագույն արհեստական բանականությունը (AGI):

Սպասվում են հսկայական փոփոխություններ

Այսօր քննարկման միակ առարկան սպասվող տնտեսական ցնցման մասշտաբն ու արագությունն է, թե կոնկրետ ովքեր կկորցնեն աշխատանքը, և արդյոք արժե՞ կատարվողը համարել դրական մի բան (թեև մեր կարծիքը, միևնույն է, ոչ ոք չի հարցնում):

«Ապագան արմատապես տարբերվելու է անցյալից: Չկա և ոչ մի համանմանություն կամ փոխաբերություն, որն ունակ է նկարագրել այն փոփոխությունների մասշտաբները, որոնց մեզ վիճակված է բախվել»,- հայտարարել է Իլոն Մասկը:

SpaceX ընկերության հաղթական IPO-ից հետո The Economist պարբերականին տված իր առաջին ծավալուն հարցազրույցում աշխարհի առաջին տրիլիոնատերը արհեստական բանականության զարգացման վերաբերյալ առավելագույն տեխնո-լավատեսական հայացք է հնչեցրել:

Մասկը համոզված է, որ ընդամենը մի քանի տարուց արհեստական բանականությունը կգերազանցի մարդկայինին, աշխարհում կհայտնվի մինչև մեկ միլիարդ հումանոիդ ռոբոտ, իսկ ԱԲ-ով խթանվող «առատության դարաշրջանը» կանխիկ դրամն անիմաստ կդարձնի:

«Ըստ էության, չի մնա ոչինչ, որ ԱԲ-ն չկարողանա անել ավելի լավ, քան մարդը՝ չհաշված, թերևս, մարդ լինելու բուն ունակությունը»,- նշել է նա:

«Կարծում եմ՝ ԱԲ-ն կկարողանա գերազանցել ամբողջ մարդկության հանրագումարային բանականությունը մոտ հինգ տարուց: Ամենահավանական սցենարն անհավանական առատության գալիք դարաշրջանն է, որտեղ յուրաքանչյուր ոք կկարողանա ստանալ այն ամենը, ինչ կցանկանա: Դա գուցե անհեթեթ է հնչում… Լինում են, իհարկե, բաներ, որոնք ունակ են շեղել մեզ այդ ճանապարհից, օրինակ՝ մասշտաբային համաշխարհային ջերմամիջուկային պատերազմը… Բայց եթե Երրորդ համաշխարհային տեղի չունենա, ես վստահ եմ, որ մենք շարժվում ենք դեպի հիանալի առատության դարաշրջան: Այնպես որ, իմ ուղերձը լի է լավատեսությամբ և ապագայի կանխավայելքով»:

Մասկը, որի Tesla ավտոմոբիլային ընկերությունը մշակում է Optimus ունիվերսալ ռոբոտ-բանվորին, կարծում է, որ արդեն հինգ տարուց աշխարհում կարող է հայտնվել «առնվազն 100 միլիոն, իսկ գուցե և ամբողջ մեկ միլիարդ մարդանման ռոբոտ», որոնք ամբողջությամբ կփոխարինեն ֆիզիկական աշխատանքը:

«Ես կկանխատեսեի, որ տնտեսությունը կաճի մոտ երկու անգամ՝ համեմատած իր ներկայիս ծավալի հետ հինգ, առավելագույնը վեց տարում, որովհետև մենք կմտնենք մի փուլ, երբ տնտեսական արտադրանքը կկրկնապատկվի կատաղի արագությամբ»,- իր մտորումներն էր հաղորդակից դարձնում նա մայիսին Forbes-ին տած հարցազրույցում:

Ավելի վաղ միլիարդատերը հայտարարել էր նաև, որ ծերության համար փող խնայելն այժմ պարզապես անիմաստ է:

«Մի անհանգստացեք 10 կամ 20 տարի առաջ ծերության համար փող հավաքելու մասին. դա ոչ մի նշանակություն չի ունենա,-  ասում էր նա հունվարյան փոդքասթում:- Ձեզ հարկավոր չի լինի խնայողություններ անել թոշակի համար: Եթե այն ամենի գոնե մի մասը, ինչի մասին խոսում ենք, ճշմարտություն է, խնայողությունները կկորցնեն իրենց ամբողջ իմաստը»:

Պոստապոկալիպտիկ առատության այս սցենարում (որը, ԱԲ-ի կողմնակիցների կարծիքով, անխուսափելիորեն կհանգեցնի աշխատանքից զրկված մարդկանց համար անպայմանական բազային եկամտի այս կամ այն ձևին), փոդքասթի համավարող Փիթեր Դիամանդիսը կանխատեսում է. «Կհայտնվի ենթակառուցվածք, որը ձեզ կապահովվի. դուք կունենաք բնակարան, առողջապահություն, ժամանց»:

ԱԲ-ձեռնարկատեր Դեյվ Բլանդինը համամիտ էր դրան՝ հավելելով, որ «իսկ թե կոնկրետ ինչպես են զարգանալու իրադարձությունները, սկզբունքորեն անհնար է կանխատեսել՝ ինքնակատարելագործման ԱԲ-ի ունակության և սրընթաց առաջընթացի արագացող տեմպերի պատճառով»:

«Դա իզուր չեն «սինգուլյարություն» (singularity) անվանում,- եզրափակել է Մասկը:-Ես չգիտեմ, թե իրադարձությունների հորիզոնից այն կողմ ինչ կպատահի»:

21-րդ դարի Բաբելոնի աշտարակը

Ընդսմին, ավաղ, ոչ բոլորն են կիսում այն վստահությունը, թե ԱԲ-ն մարդկությանը դեպի լուսավոր ապագա է տանում:

Կարծիքների մյուս բևեռում է էներգետիկայի հետազոտող դոկտոր Քրիս Մարտենսոնը: Այս շաբաթ Թաքեր Կառլսոնի փոդքասթում ունեցած ելույթի ժամանակ նա ԱԲ մրցավազքը համեմատել է Բաբելոնի աշտարակի հետ՝ մարդկային հպարտության աղետալի հետևանքների մասին աստվածաշնչյան առակի հետ:

«Արևի տակ նոր բան չկա,- ասել է նա:- Ես իսկապես հավատում եմ, որ ԱԲ-ի հետ կապված այս ամբողջ պատմությունը մեր Բաբելոնի աշտարակն է: Դա մի գործիք է, որի օգնությամբ մենք ինքներս մեզ համոզել ենք, թե իբր կարող ենք ի վերջո զբաղեցնել Փրկչի բաղձալի գահը Աստծո կողքին կամ նույնիսկ հավասարվել Նրան: Մենք այժմ ինքներս աստվածների պես ենք… Բայց խոնարհության նման բացակայությունը, այս հպարտությունն ու ամբարտավանությունը միշտ շրջվել են մեր դեմ»:

Այսպիսով, ինչ է մեզ սպասվում՝ բարգավաճո՞ւմ, թե՞ կործանում

Ավստրալացի ապագայաբան, «Ընկալող մեքենաներ» (Perceptive Machines) գրքի հեղինակ պրոֆեսոր Ռոքի Սկոպելլիտին նշում է, որ ինքն ավելի լավատեսորեն է տրամադրված, քան շատ մեկնաբաններ: Ընդսմին, այդ լավատեսությունը հնարավոր է միայն այն պայմանով, եթե պատրաստ լինենք արմատապես վերանայել բարեկեցության և աշխատանքի մասին մեր պատկերացումները:

«Աշխատանքի ոլորտի ապագան աշխատուժի խնդիր չէ: Դա դառնում է կառավարման և կարգավորման խնդիր»,- news.com.au.-ի համար մեկնաբանել է նա:

«Ամենամեծ ցնցումը կլինի ոչ թե այն, որ ռոբոտները կխլեն աշխատանքը: Դա կլինի եկամտի անջատումը բուն աշխատանքի փաստից: Ավտոմատացումն ունակ է ստեղծել հսկայական առատություն, սակայն այն ավտոմատ կերպով արդարություն չի ստեղծում: Ակտիվներին տիրապետելը շատ ավելի կարևոր կդառնա, քան տեխնոլոգիաները»:

Պրոֆեսոր Սկոպելլիտիի կարծիքով՝ ապագայի գլխավոր տնտեսական հարցը չի հնչի որպես «Արդյո՞ք արհեստական բանականությունը կփոխարինի աշխատողներին»:

«Գլխավոր հարցը հնչում է այսպես. Ո՞ւմ են պատկանում ռոբոտները, տվյալները և բուն բանականությունը,-  ընդգծում է նա:- Յուրաքանչյուր արդյունաբերական հեղափոխություն փոխում էր այն, թե ԻՆՉՊԵՍ են մարդիկ աշխատում: Արհեստական բանականությունը կարող է դառնալ առաջինը, որը կփոխի այն, թե ՀԱՆՈՒՆ ԻՆՉԻ են մարդիկ աշխատում»:

Զանգվածային գործազրկությո՞ւն, թե՞ նոր հնարավորությունների դարաշրջան

Արժույթի միջազգային հիմնադրամի գնահատականներով՝ ամբողջ աշխարհում աշխատատեղերի մոտ 40%-ը ենթակա է ԱԲ-ի պատճառով ձևափոխման ռիսկի, իսկ զարգացած երկրներում այդ ցուցանիշը հասնում է 60%-ի:

Goldman Sachs-ի վերլուծաբանները պնդում են, որ ավտոմատացման սպառնալիքի տակ է գտնվում 300 միլիոն լրիվ զբաղվածությամբ աշխատատեղ ամբողջ աշխարհում:

Իր հերթին, Համաշխարհային տնտեսական ֆորումը կանխատեսում է, որ 2030 թվականին մոտ ԱԲ-ի շնորհիվ կստեղծվի 170 միլիոն նոր աշխատատեղ՝ 92 միլիոնի կրճատման դեպքում, ինչը կտա 78 միլիոն թափուր աշխատատեղի զուտ աճ:

Պրոֆեսոր Ջեֆրի Հինթոնը, որին անվանում են «ԱԲ-ի կնքահայր», զանգվածային գործազրկություն է կանխատեսում:

«Ես կարծում եմ՝ կրկնվող մտավոր աշխատանքն ԱԲ-ն պարզապես ամբողջությամբ վերցնելու է իրեն,- Diary of a CEO փոդքասթում հայտարարել է պրոֆեսոր Հինթոնը՝ նկատի ունենալով գրասենյակային աշխատողներին, և կասկածի տակ է դրել այն թեզը, թե ԱԲ-ն շատ նոր մասնագիտություններ կստեղծի:- Պետք է տիրապետել բացառապես եզակի հմտությունների, որպեսզի անեք աշխատանք, որից ԱԲ-ն չի կարող գլուխ հանել»:

Microsoft AI ստորաբաժանման ղեկավար Մուստաֆա Սուլեյմանը նույնպես հակված է հոռետեսական սցենարի: Մայիսին Financial Times-ին տված հարցազրույցում նա կանխատեսել է, որ ԱԲ-ն կհասնի «արտադրողականության մարդկային մակարդակի մասնագիտական առաջադրանքների մեծ մասում, եթե ոչ բոլորում», իսկ «համակարգչի առջև աշխատանքին» առնչվող մասնագիտությունների մեծ մասն ամբողջությամբ կավտոմատացվի արդեն առաջիկա 12–18 ամիսների ընթացքում:

Միևնույն ժամանակ Ստենֆորդի համալսարանի հայտնի տնտեսագետ դոկտոր Էրիկ Բրինյոլֆսոնը Նոբելյան մրցանակի 16 դափնեկիրների հետ հանդես է եկել համատեղ հայտարարությամբ՝ կոչ անելով շտապ պատրաստվել առաջիկա 10 տարում ԱԲ ավելի հզոր համակարգերի ներդրման տնտեսական հետևանքներին:

«Դա կարող է հրահրել մեր տնտեսության նախադեպը չունեցող ձևափոխում՝ ավելի մասշտաբային, քան Արդյունաբերական հեղափոխությունն էր, սակայն ընթացող շատ ավելի սեղմ ժամկետներում,- ասվում է հայտարարության մեջ:- Դա իր հետ բերում է հսկայական ռիսկեր, ներառյալ աշխատատեղերի զանգվածային կորուստը, բայց նաև հնարավորություններ՝ մասնավորապես՝ կենսամակարդակի հսկայական աճը»:

Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի (MIT) տնտեսագիտության պրոֆեսոր Դեվիդ Ավտորը մտնում է այն ճամբարի մեջ, որի ներկայացուցիչները կարծում են, թե  ԱԲ-ն ավելի շուտ կփոխի մասնագիտությունների կառուցվածքը, քան «երկրի երեսից կջնջի ամբողջական ոլորտներ»:

«Դա կանդրադառնա կոնկրետ առաջադրանքների, պաշտոնների և դերերի վրա»,- պարզաբանել է նա Financial Times-ին:- Այն բանի շնորհիվ, թե ինչպես ենք օգտագործում ԱԲ-ն, կհայտնվեն բազմաթիվ նոր աշխատատեղեր, հնարավորություններ և փորձագիտության ձևեր: Բայց միևնույն ժամանակ… յուրահատուկ հմտություններն ու առանձին դերերն ընդմիշտ կանհետանան»:

Գեներացիայից դեպի մասնակցություն

Պրոֆեսոր Սկոպելլիտին ամփոփում է. այն հարցը՝ արդյո՞ք ԱԲ-ն կգերազանցի մարդկային մտքին, այլևս ամենահետաքրքիրը չէ:

Նա պնդում է, որ մենք մտնում ենք ԱԲ-ի այսպես կոչված «մասնակցության դարաշրջան»: Եթե վերջին երեք տարիները նվիրված էին նրան, որ ԱԲ-ն բովանդակություն էր գեներացնում, նախորդող տասնամյակը նվիրված կլինի որոշումների ընդունմանը, կազմակերպությունների կառավարմանը, տնտեսությանը և մեր առօրյա կյանքին ԱԲ-ի մասնակցությանը:

Սկոպելլիտիի կարծիքով՝ ապագայի գլխավոր հարցերը լինելու են՝ ինչպես ենք կարգավորելու մեքենաների մասնակցությունը, ինչպես ենք բաշխելու նրանց ստեղծած հարստությունը, ինչպես ենք երաշխավորելու, որ տեխնոլոգիաներն ամրապնդում են հասարակությունը, այլ ոչ թե քայքայում այն, և ինչպես պահպանել մարդու՝ առանցքային որոշումներ ընդունելու իրավունքը:

«Մենք հարցերին պատասխանող մեքենաներից անցնում ենք հասարակության կյանքին մասնակցող մեքենաներին,- եզրափակում է փորձագետը:- Եվ դա շատ ավելի հիմնարար տեղաշարժ է, քան սոսկ գեներատիվ արհեստական բանականությունը»:

  • Կիսվել: