Զգացողություն ունեմ, որ Հյուսիս-հարավի մասով ունենք շանս՝ վերջնական իրագործման փուլ մտնելու. Փաշինյան
Կառավարությունը հաստատեց Ասիական զագացման բանկի միջոցներից ՀՀ-ին վարկի տրամադրման համար համաձայնագիրը վավերացնելու որոշման նախագիծը:
Որոշման նախագիծը ներկայացրեց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը, նա նշեց, որ ծրագիրը վերաբերում է առանցքային կարևորություն ունեցող Հյուսիս-հարավ ճանապարհի՝ Սիսիան-Քաջարան հատվածի մի ենթահատվածին: Սիսիան-Քաջարան ճանապարհի շուրջ 60 կիլոմետրը բաժանվել էր երեք հատվածների՝ հյուսիսային ենթահատված, Բարբուշատի թունելի ենթահատված, հարավային ենթահատված: Այս որոշման նախագիծը վերաբերում է հյուսիսային ենթահատվածին, որի ընդհանուր արժեքը 335 մլն եվրո է, որից 236-ը միլիոնը համաֆինանսավորվելու է Ասիական զարգացման բանկի հետ այս համաձայնագրի շրջանակում:
«Նախատեսում ենք այստեղ կառուցել 27,1 կմ երկարությամբ ճանապարհ, որտեղ կան մի քանի թունելներ, նաև բազմաթիվ կամուրջներ: Ընդհանուր առմամբ, 11 մետր լայնություն ունեցող ճանապարհահատված է՝ երեք երթևեկելի գոտիներով, որի ավարտին նախատեսում ենք այս հատվածում երթևեկությունը գոյություն ունեցող 50 կմ/ժ փոխարեն հասցնել մինչև 100 կմ/ժ, ինչն էլ այս ճանապարհահատվածով տևողությունը կկրճատի շուրջ 1,5-2 ժամով»,- ասաց նախարարը:
Ծրագիրը նախատեսված է ավարտել 2033 թվականի նոյեմբերին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ վերջին 1 ամսվա ընթացքում եղել է Մեղրիում ու Թալինում և ունի զգացողություն, որ Հյուսիս-հարավ ճանապարհը շատ արագ տեմպով ընթանում է:
«Ես զգացողություն ունեմ, որ Հյուսիս-հարավի հետ կապված մեր պլաններն արդեն գոնե 70-80 տոկոսով առարկայանում են, և արդեն իսկ ունենք շանս՝ լրջագույն և վերջնական իրագործման փուլ մտնելու»,- ասաց վարչապետը:
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն արձագանքեց՝ եթե մինչև այս տարվա վերջ մրցույթի արդյունքում կարողանան կապալառու ներգրավել, ապա Քաջարանից հետո ընկած թունելի և ճանապարհահատվածի կառուցման աշխատանքները ևս կամբողջանան իրենց համար նախատեսված 7 տարվա ժամկետում: