հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Զարիշատ (Արամ) Մարտինի Մկրտչյանի անվան Արմավիրի ԲԿ-ի ինֆեկցիոն բաժանմունքի մասնաշենքը կհիմնանորոգվի

Զարիշատ (Արամ) Մարտինի Մկրտչյանի անվան Արմավիրի ԲԿ-ի ինֆեկցիոն բաժանմունքի մասնաշենքը կհիմնանորոգվի

Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 20-ի նիստում որոշեց ավելացնել «Զարիշատ (Արամ) Մարտինի Մկրտչյանի անվան Արմավիրի բժշկական կենտրոն» ՓԲԸ կանոնադրական կապիտալը:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ այս որոշման ընդունմամբ Արմավիր մարզում ապահովվելու է վարակիչ հիվանդությունների բուժօգնության ծառայությունների մատուցման որակի և հասանելիության կտրուկ բարձրացում, ինչպես նաև բժշկական կազմակերպության շենքային պահմանների բարելավում։

Ընկերությունում շենքային պայմանների բացակայության պատճառով ինֆեկցիոն հիվանդությունների բաժանմունքը (10 մահճակալ հզորությամբ) տեղակայված է «Մեծամորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի հարկաբաժիններից մեկում, որն իր հերթին գտնվում է խիստ անմխիթար վիճակում և չունի բժշկական օգնության և սպասարման կազմակերպման տարրական պայմաններ։ Բացի այդ, վարակիչ հիվանդությունների բաժանմունքը Արմավիր քաղաքից Մեծամոր տեղափոխելու արդյունքում առաջ է եկել Արմավիր մարզի բնակչության վարակիչ հիվանդությունների բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների զգալի անհասանելիություն։

«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի համաձայն` վարակիչ հիվանդություններ ունեցող մարդն իրավունք ունի անվճար ստանալու պետության կողմից երաշխավորված կարգով բժշկական օգնություն, հետևաբար,առաջնահերթություն է համարվում Ընկերության տարածքում գտնվող և շենքային ու կենցաղային տարրական պայմանների բացակայության պատճառով չշահագործվող մասնաշենքի ամբողջական հիմնանորոգումը։ Մասնաշենքը շուրջ 700 քմ մակերեսով մեկ հարկանի շինություն է, կառուցվել է 1958թ., երբևէ չի հիմնանորոգվել։

Ընկերության ինֆեկցիոն բաժանմունքի մասնաշենքը հիմնանորոգելու նպատակով մշակվել են նախագծանախահաշվային փաստաթղթերը, Ընկերության կողմից 2022թ. հունիսի 23-ին հայտարարվել է գնման գործընթաց և կա հաղթող կազմակերպություն (նախահաշվային արժեքը՝ 170,000.0 հազար դրամ, մրցույթում հաղթող ճանաչված կազմակերպության գնային  առաջարկ՝ 147, 600.0 հազար դրամ), ինչպես նաև, հաշվի առնելով այն, որ շինարարական աշխատանքների իրականացման ընթացքում պարտադիր է աշխատանքի տեխնիկական և հեղինակային հսկողության իրականացումը, անհրաժեշտ է ևս 4,000.0 հազար դրամ գումար, որից` 3,000,0 հազար դրամը աշխատանքների տեխնիկական հսկողության,  իսկ 1,000,0 հազար դրամը` հեղինակային հսկողության իրականացման համար: 

Այս հրատապ խնդիրների լուծմաննպատակով անհրաժեշտություն է առաջացել Ընկերության կանոնադրական կապիտալի ավելացմամբ ստեղծել պայմաններ՝ բժշկական օգնության և սպասարկման նեղ մասնագիտացված ծառայությունների մատուցման համար։

  • Կիսվել: