երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Սյունիքում մաքսային և լոգիստիկ կենտրոն կառուցելու ՎԶԵԲ դրամաշնորհը հավանության արժանացավ

Սյունիքում մաքսային և լոգիստիկ կենտրոն կառուցելու ՎԶԵԲ դրամաշնորհը հավանության արժանացավ

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստի ժամանակ հավանություն տվեց ՀՀ և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև «Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոն» 2 մլն եվրո արժողությամբ դրամաշնորհային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:
 
Կենտրոնը կկառուցվի Սյունիքի մարզի Շաքի գյուղի մոտակայքում գտնվող 7.7 հա հողատարածքում: Նշվում է, որ ծրագրի իրականացման համար ՎԶԵԲ–ից կներգրավվի 10 մլն եվրոյի չափով վարկային միջոցներ:
 
Նախատեսվում է կառուցել վարչական շենք՝ տանիքում արևային էներգակայանով: Կենտրոնի տարածքում լինելու են մուտքի և ելքի ուղղությամբ տրանսպորտի մանրամասն զննման, մաքսային ձևակերպումների, բեռնատար տրանսպորտի ռենտգենային զննման մասնաշենքեր, մարդատար տրանսպորտի ռենտգենյան զննման հարթակ և այլ ենթակառուցվածքներ:
 
«Առաջնահերթություն է ՀՀ Սյունիքի մարզում այսպիսի կենտրոնի ստեղծումը, քանի որ մարզում թեև գործում են թվով երկու ժամանակավոր պահպանության պահեստներ, սակայն դրանք չունեն բավարար թե՛ տարածքային, թե՛ շենքային պայմաններ, ինչպես նաև մաքսային հսկողության համար անհրաժեշտ ծավալով տեխնիկական հագեցվածություն՝ մարզի տարածքում արտաքին ապրանքաշրջանառության մաքսային սպասարկումն արդյունավետ կազմակերպելու համար»,– նշված է որոշման հիմնավորման մեջ։
 
Ծրագրում նշվում է նաև, որ կենտրոնի գործարկումը դրական ազդեցություն կունենա նաև մայրուղու երթևեկության վրա. Հարավային մաքսատուն-վարչության շրջակայքի տարածքի նեղ բնույթը պատճառ է հանդիսանում, որ բեռնատարները երբեմն ստիպված լինեն հերթ կանգնել հարակից մայրուղու վրա։ Ծրագրի իրականացմամբ ավելի լավ կկազմակերպվի երթևեկության հոսքը տվյալ տարածքում՝ լուծելով նշված խնդիրը:

  • Կիսվել: