չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Վատ հեղինակություն ունեցող ավիաընկերությունները կարող են զրկվել լիցենզիայից

Վատ հեղինակություն ունեցող ավիաընկերությունները կարող են զրկվել լիցենզիայից

Օդանավ շահագործողի վկայական ստանալու հայտը կարող է մերժվել կամ արդեն գործող վկայականը չեղարկվել, եթե պարզվի, որ ընկերության խորհրդի անդամը, տնօրենը, խոշոր բաժնետերը կամ նրանց ընտանիքի անդամները դատվածություն ունեն, սնանկ են ճանաչվել կամ չմարված պարտավորություններ ունեն, գտնվում են միջազգային հետախուզման մեջ և այլն։ Վատ հեղինակություն ունեցող ավիաընկերությունները կարող են զրկվել լիցենզիայից։
Կառավարությունն առաջարկում է համապատասխան փոփոխություն կատարել «Ավիացիայի մասին» օրենքում։
 
Օրենքի նախագիծն այսօր քննարկվել է ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում։
 
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը, ներկայացնելով նախագիծը, նշեց, որ վատ հեղինակություն ունենալու հանգամանքը դուրս է մնացել գործող իրավական կարգավորումներից։
«Վատ հեղինակություն ունեցող անձ է համարվում դիտավորությամբ կատարված հանցագործությունների համար դատվածություն ունեցող անձը, դատարանի կողմից ֆինանսական, բանկային, հարկային, մաքսային, առևտրային, տնտեսական, իրավական ոլորտներում պաշտոններ վարելու իրավունքից զրկված անձը, սնանկ ճանաչված և չմարված վարկային, հարկային պարտավորություններ ունեցող, միջազգային հետախուզման մեջ գտնվող անձը, կամ կառավարման լիազորություններ ունեցող այն անձը, որը նախկինում ունեցել է օդանավ շահագործող վկայական և դրա գործողությունը դադարեցվել կամ կասեցվել է տվյալ անձի մեղքով վկայականի ստացման համար օրենքով և կառավարության որոշմամբ սահմանված թռիչքային անվտանգության պահանջները խախտելու պատճառով»,– պարզաբանեց փոխնախարար Սիմոնյանը։
Օրենքի նախագիծը քննարկման արդյունքում ստացավ դրական եզրակացություն և առաջիկայում կընդգրկվի ԱԺ նիստերի օրակարգում։

  • Կիսվել: