շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Վարկերի տույժ-տուգանքները ներելու մասին օրենք է պատրաստվում. Փաշինյան

Վարկերի տույժ-տուգանքները ներելու մասին օրենք է պատրաստվում. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձավ վարկերի տույժ-տուգանքներին։

Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը հարց էր ուղղել վարչապետին՝ նշելով, որ արտակարգ իրավիճակի ժամանակ համատարած վարկային արձակուրդ չտրվեց վարկառուներին, ԱԺ-ում էլ հայտարարել է, որ դեմ է նման որոշումներին, մինչդեռ հեղափոխության օրերին հայտարարում էր, որ պետք է զրոյացնել ժամկետանց վարկերի տույժ-տուգանքները։ «Ձեր մոտեցումն այդ հարցի վերաբերյալ ինչո՞ւ է փոխվել»,- հարցրել էր օգտատերը։

Վարչապետն արձագանքեց՝ նշելով, որ իր մոտեցումն այդ հարցի վերաբերյալ բոլորվին չի փոխվել։

«2018-ի հունիսին մենք որոշում ընդունեցինք, որով քաղաքացիների 13 մլրդ դրամի վարկային տույժ-տուգանքները ներվեցին և 125 հազար վարկառուի վարկային պատմությունը մաքրվեց: Դրանից հետո հետաքրքիր բան տեղի ունեցավ։ Երբ հետևում էինք վիճակագրությանը, տեսնում էինք, որ մեր քաղաքացիների մեծ մասը շատ արագ էլի հայտնվում է տույժ-տուգանքների ներքո: Եվ մենք հասկացանք, որ ուղղակի տուգանքները ներելով մարդկանց չենք օգնում: Հասկացանք, որ քաղաքականության մեջ որոշակի նրբություններ պետք է մտցնենք»,- ասաց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այդ նպատակով ստեղծեցին գյուղատնտեսական ծրագրեր, որոնցով արտոնյալ պայմաններ էին առաջարկում, բայց պայմանով, որ գյուղացիները որոշակի ուսումնառության պրոցես պետք է անցնեն, որ իրենց գիտելիքները ավելացնեն, որից հետո միայն կարող են վարկավորվել:

«Մարդկանց 13 մլրդ դրամի ազատեցինք տույժ-տուգանքներից, բայց շատ արագ այդ նույն 13 մլրդը վերադարձավ: Դրա համար ստեղծեինք աշխատանքը խրախուսող տարբեր ծրագրեր, խրախուսող ծրագրեր, միկրոբիզնեսը ազատեցինք հարկերից և այլն»«- ասաց նա։

Նիկոլ Փաշինյանը նաև հայտարարեց, որ այս ճգնաժամը հաշվի առնելով՝ հիմա պատրաստվում են ևս մեկ անգամ օրենք ընդունել, որով քաղաքացիների տույժ-տուգանքները զրոյացնելու հնարավորություն կստեղծվի։

Անդրադառնալով այն հարցին, թե կառավարությունը վարկային արձակուրդ չտվեց, վարչապետը պատասխանեց. «Վարկային արձակուրդի հետ կապված իմ խոսքը նենգափոխում են: Ես ասել եմ, որ մինչև ԱԺ ամբիոնից հնչող բարձրագոչ հայտարարությունները, արդեն ԿԲ նախագահը, կառավարությունն այդ հարցով դիմել է բանկերին»։

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այս պահի դրությամբ, Կառավարության գործողությունների արդյունքում ՀՀ-ում 3700 իրավաբանական անձի տրվել է վարկային արձակուրդ։ Այդ արձակուրդի վերակազմակերպման գումարը կազմում է 11,5 մլրդ դրամ: Այս պահի դրությամբ 190 հազար ֆիզիկական անձի տրվել է վարկային արձակուրդ: Հետաձգված մարումները կազմում են շուրջ 8 մլրդ դրամ»,- ասաց նա և հավելեց.

«Մենք հիմա պատրաստում ենք ևս մեկ օրենքի նախագիծ՝ վարկերի տույժ, տուգանքները ներելու վերաբերյալ»։

  • Կիսվել: