ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Վարձակալության տրվող պետական գույքից եկամուտները 2022-ին աճել են 67,7 տոկոսով

Վարձակալության տրվող պետական գույքից եկամուտները 2022-ին աճել են 67,7 տոկոսով

Կառավարությունը հաստատեց Պետական գույքի կառավարման 2021-2023 թթ. ծրագրի կատարման՝ 2022-ի տարեկան հաշվետվությունը։ 

Վարչապետը նախագծի շրջանակում հրապարակված թվերը տպավորիչ համարեց՝ ընդգծելով, որ վարձակալության տրվող պետական գույքից եկամուտները 2022-ին աճել են 67,7 տոկոսով:

ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը մանրամասնեց՝ տարաժամկետ վճարման եղանակով հիմնականում օտարվում է խոշոր գույքը, որի արժեքը գերազանցում է 1-2 միլիարդ դրամը:

«20,7 միլիարդը ընդհանուր գործարքների արժեքն է, որը նախորդ 5 և ավելի տարիների միջին ցուցանիշը գերազանցում է շուրջ 20 անգամ, և այդ գործարքների արդյունքում մենք ունենք փաստացի մուտքեր տարբեր բյուջեների շուրջ 8,9 միլիարդ դրամի չափով»,- ասաց Առնակ Ավետիսյանը:

Լա՞վ է, որ պետական գույքը օտարվում է, թե՞ վատ: Հարցին անդրադարձավ վարչապետ Փաշինյանը: «Միանշանակ, լավ է, քանի որ օտարվում է այն պետական գույքը, որն այս պահին կոնկրետ արդյունք և արժեք չի բերում պետությանը:

Մենք ունենք տասնյակ շենքեր և շինություններ, որոնք միակ բանը, որ անում են, արևի, անձրևի, քամու ազդեցության ներքո մաշվելն է»,- ասաց նա՝ հիշեցնելով, որ պետության համար օգուտը ոչ միայն գույքի օտարումն է, այլև օտարումից հետո ներդրումային պարտավորությունները, որոնց թիվը 20 միլիարդի գույքի օտարման դեպքում 89 միլիարդ դրամ է կազմել:

  • Կիսվել: