երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Վարդավառի լճում թթվածինը բավարար չէ ձկների կյանքի պահպանման համար․ հետազոտության արդյունքներ

Վարդավառի լճում թթվածինը բավարար չէ ձկների կյանքի պահպանման համար․ հետազոտության արդյունքներ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը տեղեկատվություն է ներկայացրել Վարդավառի լճում 2023 թվականի հունիսի 5-ին իրականացված ջրի հետազոտությունների նախնական արդյունքների վերաբերյալ.

«Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցներն ահազանգը ստանալուց անմիջապես հետո Վարդավառի այգու լճի տարածքում դաշտային հետազոտություն են անցկացրել․ իրականացվել է ջրի նմուշառում՝ լաբորատոր փորձազննում իրականացնելու նպատակով։

Նմուշների առաջնային անալիզների նախնական արդյունքների համաձայն՝ ջրում լուծված թթվածնի արժեքը շատ ցածր է և բավարար չէ ձկների կյանքի պահպանման համար։ Ջուրը թույլ հիմնային է, հատկապես բարձր են ամոնիում (3-րդ, «միջակ» դաս) և սուլֆատ իոնների (5-րդ, «վատ» դաս) կոնցենտրացիանները»,-ասվում է հաղորդագրությունում:

Հիշեցնենք՝ հունիսի 5-ին, ժամը 07։42-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Վարդավառի լիճը փառակալած է, կան անկած ձկներ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման վարչության Ճառագայթային, քիմիական և կենսաբանական իրավիճակի մոնիտորինգի բաժնի քիմիկ-հետախույզների խումբը:

Փրկարարները հայտնաբերել են անկած ձկներ: Կատարվել է նմուշառում և ուղարկվել փորձաքննության:

  • Կիսվել: