Վարդաշենցիները կառավարությունում հանդիպում ունեցան. նրանց կրկին հորդորել են սպասել
Վարդաշեն թաղամասի հանրակացարանների 4-րդ աստիճանի վթարային շենքերի բնակիչներին կառավարությունից հորդորել են սպասել, բայց նրանք էլ իրենց հերթին են գործադիրին ժամանակ տվել։
Նշենք, որ վթարային շենքերի կոյուղու խողովակները վնասված են կեղտաջրերը լցվում են շենքի նկուղ և առաջին հարկեր։ Քանի որ խնդիրը տևական ժամանակ է` լուծում չի ստանում, ինչպես նախորդ շաբաթ, այդպես էլ այսօր, վարդաշենցիները վաղ առավոտից բողոքի ակցիա էին իրականացնում Երևանի քաղաքապետարանի դիմաց։ Ակցիայից մի քանի ժամ անց 2 շենքից 3-ական անձ հանդիպման գնացին Անշարժ գույքի կառավարման վարչության պետ Վահան Խաչատրյանի հետ, չնայած, որ սկզբում պահանջում էին հանդիպում քաղաքապետ Տիգրան Ավինյանի կամ փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանի հետ։
ՀՀ կառավարության շենքի դիմաց շուրջ 1 ժամ սպասելուց հետո նրանց ընդունեց Դիմումների քննարկման, քաղաքացիների հետ հետադարձ կապի մշտադիտարկման և գնահատման վարչության պետ Համլետ Նազարյանը։ Մինչ այդ վարդաշենցիները հանդիպում էին պահանջում ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի հետ։
«Հանդիպում ունեցանք Համլետ Նազարյանի հետ, չիմացանք` ով էր, բայց սիրալիր պատասխանեց մեր հարցերին։ Հիմա նորից դիմում ենք գրել կառավարությանը, որ տեսնենք, թե ինչ ժամկետներում են մեզ պատասխան տալու։ Նա մեզ ասաց, որ գործն ընթացքում է, բայց մենք էլ խնդրել ենք, որ ամեն ինչ ավելի արագացնեն։ Սպասելու ժամանակ չունենք, շենքերն ամեն վայրկյան կարող են փլուզվել»,– նշեց բնակիչներից մեկը։
Նա հույս հայտնեց, որ կառավարության առաջիկա նիստում հարցը կբարձրացվի։