կիրակի, փետրվար 9
9 / 2 / 2025
Վարչապետը ներկայացրեց պետական քաղաքականությունը. Ավանեսյանի արդարացումը

Վարչապետը ներկայացրեց պետական քաղաքականությունը. Ավանեսյանի արդարացումը

«Ես ճիշտն ասած, այդ նույն կառավարության նիստին էի, և որևէ սպառնալիք չնկատեցի։ Վարչապետը ներկայացրեց պետական քաղաքականությունը, որ համայնքները պետք է խնայողաբար օգտագործեն բյուջետային միջոցները, նույն տրամաբանությամբ, ինչպես կառավարությունը պետք  է խնայողաբանար օգտագործի, և բյուջետային միջոցները ծախսի խիստ կարևոր կարիքները բավարարելու համար»։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառալով կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանի կողմից հնչած հայտարարությանն այն մասին, որ եթե համայնքների ղեկավարը չկրճատեն ծառայողական մեքենաների թիվը, համայնքը կզրկվի սուբվենցիոն ծրագրերից։

Լրագրողի դիտարկմանն այն մասին, թե ինչու՞ պետք է համայնքները տուժեն, եթե օրինակ, համայնքի ղեկավարը չի ցանկանում հրաժարվել հավելյալ ծառայողական մեքենայից։

«Իսկ դպրոցները, մանկապարտեզները, հիվանդանոցներն ինչի՞ հաշվին պետք է վերանորոգվեն։ Չէ՞ որ էդ բոլոր միջոցները կուտակվում են և արդյունավետ ծախսման պարագայում կարող ենք բոլոր ծրագրերն իրականացնել։ Պատճառահետևանքային կապն էլ պետք է շատ հստակ  հասկանանք, մեր ֆունկցիաները իրականացնելու համար պետք է ռեսուրսներ ունենանք։ Պետք է հասկանանք, որ միայն խիստ կարիքի դեպքում պետք է հատկացնենք բյուջետային միջոցներ՝ անկախ նրանից, դա համայնքային, թե պետական բյուջե է։ Մենք նաև մեր համակարգում դիտարկում ենք վարչական ծախսերի օպտիմալացման տարբերակներ։ Եթե մենք որևէ բան չփոխենք մեր աշխատելաոճի մեջ, դժվար թե արդյունքների հասնենք»,–ասաց առողջապահության նախարարը։

Հարցին, թե ինչպե՞ս են, օրինակ, կազմակերպվելու փոխնախարարների գործուղումները, եթե ծառայողական մեքենաների թիվը կրճատվի, նա պատասխանեց.

«Հիմա մենք գնահատում ենք՝ մեր ֆունկցիաների իրականացման համար ինչպիսի ծառայություն է հարկավոր և ինչ հաճախականությամբ։ Բոլոր հաշվարկները կիրականացվեն և խելամիտ որոշում կկայացվի, թե ինչպես ենք մի կողմից օպտիմալացնելու ծախսը, մյուս կողմից էլ մեր ֆունկցիան կատարելու»։

  • Կիսվել: