երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Վարչապետն օրակարգից հանեց նորակառույցում եկամտային հարկի վերադարձով բնակարան գնելու հարցի մասին նախագիծը

Վարչապետն օրակարգից հանեց նորակառույցում եկամտային հարկի վերադարձով բնակարան գնելու հարցի մասին նախագիծը

Հիփոթեքային վարկի սպասարկման համար եկամտային հարկի վերադարձման համակարգով առաջարկվում է ըստ մարզերի և ըստ տարիների աստիճանաբար կրճատել եկամտային հարկի վերադարձման համակարգի կիրառության շրջանակը: Այդ մասին Կառավարության՝ նոյեմբերի 17-ի նիստի ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ ներկայացնելով «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

«Առաջարկվում է սահմանել, որ 2027-ի հունվարի 1-ից հետո ստացված հիփոթեքային վարկերի մասով չի վերադարձվում [գումարը], եթե գույքը գտնվում է Արագածոտնի, Արարատի, Արմավիրի և Կոտայքի մարզերի վար­­չական տարածքներում: 2029 թվականի հունվարի 1-ից հետո ստացված հիփոթեքային վարկերի մասով չի վերա­դարձվում, եթե անշարժ գույքը գտնվում է այլ մարզերում»,- ասաց նախարարը և հավելեց. «Նախագծով առաջարկվում է նաև սահմանել, որ 2025 թվականի հունվարի 1-ից հետո ստացված հիփոթեքային վարկի մասով հիփոթեքային վարկի վարկառուին և, առկայության դեպքում, համավարկառուներին վերադարձման ենթակա եկամտային հարկի վերադարձման ընդհանուր գումարը չի կարող գերազանցել 750 հազար դրամը»:

Անդրադառնալով նախագծին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ եկամտային հարկի վերադարձի օրենքի՝ ուժի մեջ մտնելուց հետո գրանցվել է շինարարության մեծ աճ, հիմա որոշում է կայացվել, որ շինարարության տեմպը շարունակվի նաև հարակից մարզերում:

«Նաև արդեն մյուս մարզերի համար այդ սահմանափակումը կգործի 2029 թվականի հունվարի 1-ից այն արձանագրմամբ, որ սահմանամերձ բնակավայրերում՝ մեր ցանկում սահմանված սահմանամերձ բնակավայրերում, այդ սահմանափակումը չի գործի»,- ասաց վարչապետը և հավելեց, որ որոշման տրամաբանությունը տարածքային համաչափ զարգացումը խթանելն է:

Վարչապետը նաև հիշեցրեց, որ այս գործիքակազմի ընդունմամբ քաղաքացիների՝ բնակարան ձեռք բերելու գործընթացում առաջընթաց է գրանցվել:

«2018 թվականից մինչ օրս ավելի քան 3500 ընտանիք ձեռք է բերել այս գործիքի կիրառմամբ բնակարան, 2018 թվականի համեմատ այդ թիվը մոտավորապես 10 անգամ ավելացել է, և հույս ունենք, որ այս գործիքի կիրառմամբ նաև մարզերում անշարժ գույքի առաջնային շուկան կզարգանա, և բնակարանաշինությունը կխթանվի: 2022-ի արդյունքներով մենք այս հոդվածով շուրջ 35 միլիարդ դրամի վերադարձ ենք իրականացրել ընդհանուր եկամտային հարկի վերադարձը, որի 90 տոկոսը հիփոթեքային վարկի վերադարձի հոդվածով է տեղի ունենում»,- ասաց Փաշինյանը և առաջարկեց ընդունել նախագիծը:

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը մանրամասնեց՝ 2025-ի հունվարի 1-ից է դադարում ծրագիրը Երևանում:

«Մենք սկսել ենք 2022  թվականի հուլիսի 1-ից առաջին գոտու համար սահմանափակումը, 2023-ի հունվարի 1-ից՝ երկրորդ գոտու համար, 2023-ի հուլիսի 1-ից՝ երրորդ գոտու համար, իսկ 2025-ի հունվարի 1-ին կդադարի»,- ասաց նա:

Թեմայի շրջանակում քննարկում ծավալվեց, և պարզվեց՝ Երևանում և մարզերում շինթույլտվություն տալու և եկամտային հարկի վերադարձից օգտվելու իրավունքի ժամկետների սահմանափակման առումով անճշտություններ կան: Արդյունքում՝ Նիկոլ Փաշինյանը որոշեց օրակարգից հանել հարցը, հանձնարարեց ճշտել բոլոր նրբությունները, որպեսզի «շուկան չդեֆորմացվի»:

«Եթե երկու կարգավորումներ են, երկու տարբեր կարգավորումներով չի աշխատի համակարգը: Այսինքն՝ մեր նպատակադրումից կհեռանանք: Հարցը օրակարգից հանվում է»,- ասաց նա:

  • Կիսվել: