ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Վահե Ջիլավյանն ու Վարդան Մելիքյանը ձկնորսներին տեղեկացրել են, որ Սևանա լճից սիգի որսն արգելված է

Վահե Ջիլավյանն ու Վարդան Մելիքյանը ձկնորսներին տեղեկացրել են, որ Սևանա լճից սիգի որսն արգելված է

Շրջակա միջավայրի նախարարի պարտականությունները կատարող Վահե Ջիլավյանն ու նախարարի տեղակալի պաշտոնակատար Վարդան Մելիքյանը վաղ առավոտյան շրջայց են իրականացրել Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքի շրջակայքում՝ ձկնորսների հետ հանդիպելու և նախորդ շաբաթ Կառավարության նիստի ժամանակ ընդունված նոր որոշման վերաբերյալ իրազեկման աշխատանքներ կատարելու նպատակով։
 
Վահե Ջիլավյանն ու Վարդան Մելիքյանը ձկնորսներին տեղեկացրել են, որ Սևանա լճից սիգի որսն արգելված է։ Նոր օրինագծով արգելվում է նաև որսալ մինչև 500 գրամ կշռով ձկներ, որսն իրականացնել ափից առնվազն 500 մետր հեռավորության վրա, օգտագործել ձկնորսական ցանցեր, որոնց ցանցավանդակի կառուցողական քայլի չափը 40 միլիմետրից պակաս է։
 
Կառավարության ընդունած որոշմամբ՝ Սևանա լճում ձկան որսն առհասարակ կարգելվի 2020 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 2021 թվականի մարտի մեկը։ Սույն կարգավորումների միջոցով հնարավոր կլինի լճի ձկնապաշարների վերականգնման մասով արձանագրել տեսանելի առաջընթաց։
 
Շրջակա միջավայրի նախարարության բարձրաստիճան պաշտոնյաները տեղեկացրել են նաև, որ ձկան որսը գիշերային ժամերին նույնպես արգելվելու է, իսկ արդյունագործական նպատակներով իրականացվող ձկնորսությունը թույլատրվելու է միայն Սևանա լճի 17 առափնյա տեղամասերից, որոնք վերահսկվելու են «Սևան» ազգային պարկի կողմից՝ տրված լիցենզիաների հիման վրա։ Նախագծով արգելքը տարածվում է միայն արդյունագործական ձկնորսության նպատակով լիճ մուտք գործող լողամիջոցների վրա։
 
Քննարկման ընթացքում ձկնորսներն ու ձուկ վերավաճառողները հայտնել են իրենց մտահոգություններն ու ներկայացրել առաջարկներ, որոնք քննարկման առարկա կդառնան նախարարության մասնագիտական ստորաբաժանումներում։
 
Ձկնորսությամբ զբաղվող քաղաքացիների իրազեկման աշխատանքները կկրեն շարունակական բնույթ։
 
Հիշեցնենք, որ հունիսի 17-ին Կառավարությունը հավանության է արժանացրել շրջակա միջավայրի նախարարության մշակած օրենսդրական նախաձեռնությունը, որի նպատակն է կանոնակարգել Սևանա լճում կենսապաշարի օգտագործման և կայուն կառավարման ոլորտը։ 2020 թվականի ընթացքում ձկան արդյունագործական որսի ծավալը Սևանա լճում սահմանվել է 200 տոննա։ Նոր նախագծով նախարարությունը սահմանել է ձկան որսի վերահսկողության նոր գործիքներ, որոնք թույլ կտան արդյունավետ պայքարել ապօրինի ձկնորսության դեմ և գործուն քայլեր ձեռնարկել Սևանի ձկնապաշարների վերականգնման ուղղությամբ։

 

  • Կիսվել: