հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Վաչե Գաբրիելյանը մատնանշեց համընդհանուր հայտարարագրման առաջարկված համակարգում նկատած թերությունները

Վաչե Գաբրիելյանը մատնանշեց համընդհանուր հայտարարագրման առաջարկված համակարգում նկատած թերությունները

Հայաստանի նախկին փոխվարչապետ, Ամերիկյան համալսարանի բիզնեսի և տնտեսագիտության քոլեջի դեկան Վաչե Գաբրիելյանը ներկայում գործող համահարթ եկամտային հարկի պայմաններում նպատակահարմար չի համարում եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրումը:  

 Գաբրիելյանը նման տեսակետ հայտնեց համակարգի ներդրման վերաբերյալ նախագծի առնչությամբ կազմակերպված խորհրդարանական լսումներում:

Գաբրիելյանը հայտնեց, որ 30 տարի այդ համակարգի ջատագովն է եղել: Սակայն 2020 թվականից հետո համարում է, որ համակարգը նպատակահարմար չէ, քանի որ ներդրված է համահարթ եկամտային հարկի համակարգ: «Համահարթ եկամտահարկի պարագայում կոնսոլիդացում հնարավոր չէ: Եվ դրա հետևանքով եկամուտների էական ավելացում չենք ունենալու: Ցանկացած հարկային ռեֆորմ, որի արդյունքում էական արդյունավետություն չի ավելանում, կարծում եմ, որ խնդրահարույց է»,-ասաց Գաբրիելյանը՝ հավելելով, որ այս տեսակետից պետք է հարցին անդրադառնալ:

Ըստ նրա՝ պրոգրեսիվ հարկի հանումը էական սխալ է եղել: Եվ դրա բացակայության պայմաններում ամենակարևոր նպատակին հասնելը, որ ավելի շատ եկամուտներ հավաքվեն, չի լինելու:

Նախագծով նախատեսվում է, որ հայտարարագրի նախագիծը պատրաստվելու է հարկային մարմնի կողմից՝ այդ պահին հարկային մարմնին հայտնի տեղեկության հիման վրա: Եթե հայտարարագրում լրացումներ կատարելու անհրաժեշտություն չլինի, քաղաքացուն պարզապես մնում է հաստատել հայտարարագիրը, և այն կհամարվի սահմանված կարգով հարկային մարմին ներկայացված:

Գաբրիելյանը հարկային մարմնի կողմից էլեկտրոնային տարբերակով նախալրացնելու գաղափարը շատ առաջադեմ համարեց:

Ըստ նրա՝ նախալրացված էլեկտրոնային տարբերակը նաև շահառուին է հետաքրքիր, դրանով կկարողանա խնայողություններ ունենալ: Սակայն Գաբրիելյանը տեսնում է նաև խնդիրներ այդ առումով: «Տեմպերի արագությունը, որով դրվում է առանց անձի էլեկտրոնային նույնականացման , ստեղծում է էական խնդիրներ: Այսինքն՝ եթե այս օրենսդրությունը տանում ենք էլեկտրոնային նույնականացման օրենսդրությունից առաջ, առաջանում են բազմաթիվ խնդիրներ»,-ասաց Գաբրիելյանը:

Ըստ նրա՝ առանց էլեկտրոնային նույնականացման սրան գնալը խնդիրներ է ստեղծելու:

  • Կիսվել: